ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը
Նախորդ տարվա համեմատ հաշվետվության առումով աշխատակազմում մեծ փոփոխություններ չունենք: 2025 թվականին «Պետական բյուջեի մասին» օրենքով հաստատվել են 11 ծրագիր և 50 միջոցառում: 2025 թվականին Կառավարության որոշմամբ ավելացվել է 7 միջոցառում: 57 միջոցառումից կատարվել են 55-ը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հաշվետու տարում ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22,5 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96 տոկոսը:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 10-ին գումարված համատեղ նիստում, որտեղ շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումը:
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները, նշել նաև, որ Վարչապետի աշխատակազմում չեն ավելացել ավտոմեքենաներ և հաստիքներ:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի խոսքով՝ 2025 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմին «Նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով նախատեսված է եղել հատկացնել 1 մլրդ 658 մլն 673 հազ. դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 711 մլն 427 հազ. դրամ, փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ 627 մլն 337 հազ. դրամ, ինչը ճշտված պլանի 95 տոկոսն է:
Իրականացվել է 3 միջոցառում:



