Հայկական գյուղմթերքի արգելքը խնդիր չի ստեղծի ռուսական շուկայում. «Ռուսպրոդսոյուզ»
Ըստ փորձագետների՝ Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծման սահմանափակումը չպետք է ազդի ռուսական շուկայի ապահովվածության վրա՝ ներմուծման դիվերսիֆիկացիայի և հայկական ապրանքների փոքր մասնաբաժնի պատճառով։ Այս մասին հայտարարել է «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայի վարչության փոխնախագահ Դմիտրի Լեոնովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Հայաստանից մրգերն ու բանջարեղենը Ռուսաստանի ներմուծման ընդհանուր ծավալում զբաղեցնում են աննշան հատված։
«Ռուսական շուկայի վրա արգելքը չի ազդի։ Ռուսաստանում միրգ-բանջարեղենի ներմուծման համակարգը բավականաչափ դիվերսիֆիկացված է, որպեսզի արագ արձագանքի մատակարարումների փոփոխություններին»,-ասել է Լեոնովը:
Նրա խոսքով՝ ռուս ներմուծողները կարող են արագ վերակողմնորոշվել այլ ուղղություններով։ Լոլիկի հիմնական այլընտրանքային մատակարարներ նա նշել է Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուզբեկստանը և Չինաստանը, իսկ վարունգի դեպքում՝ Թուրքիան, Չինաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը։ Քաղցր պղպեղը, նրա խոսքով, նույնպես մատակարարվում է Թուրքիայից, Չինաստանից և Ուզբեկստանից։
«Ռուսպրոդսոյուզի» ներկայացուցիչը նաև հավելել է, որ լոգիստիկ շղթաներն արդեն ձևավորված են, և շուկան սովոր է արագ անցում կատարել մատակարարումների տարբեր աղբյուրների միջև։ Նա հավելել է, որ Ռուսաստանը մոտենում է սեփական արտադրության բաց գրունտի բանջարեղենի սեզոնին, ինչը լրացուցիչ նվազեցնում է հայկական ներմուծման սահմանափակումների հնարավոր ազդեցությունը։
Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։
Ավելի վաղ՝ մայիսի 22-ից, «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել էր նաև Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծումը՝ վտանգավոր կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի պատճառով։
Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն էլ հայտարարել էր, որ խնդիրներ կան Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ։


