Հարկային վարչարարության բարեփոխումներ․ օրինապահ հարկ վճարողների խրախուսում և էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ընդլայնում
ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Օրինապահ հարկ վճարողների համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ
Օրինապահ հարկ վճարողի համակարգի բարեփոխման շրջանակում առաջարկվում է խրախուսել հարկային կամավոր կարգապահությունը, հարկ վճարողների նկատմամբ կիրառել առավել նպաստավոր վարչարարություն և կատարելագործել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման գործընթացը:
Առաջարկվող հիմնական փոփոխություններն են՝
օրինապահ հարկ վճարողի հավաստագիրն այլևս տրամադրվելու է անժամկետ՝ ներկայում գործող մեկ տարի ժամկետի փոխարեն։ Միաժամանակ, եռամսյակային մշտադիտարկմամբ՝ կապահովվի հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի գնահատումը
մշտադիտարկման արդյունքներով կարող է դադարեցվել Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը։ Հավաստագրի գործողության դադերցման կարգը սահմանելու է Կառավարությունը
օրինապահ հարկ վճարողի համար հարկային մարմնի սպասարկումը կիրականացվի առաջնահերթ, անհատական և արտոնյալ պայմաններով՝ համապատասխան մասնագետի միջոցով
համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար ռիսկայնությունը գնահատող չափանիշների նկատմամբ կիրառվելու է 0.8 գործակից
հավաստագրի տրամադրման գործընթացը չի տարածվելու ներդրումային ֆոնդերի վրա՝ հաշվի առնելով վերջիններիս համար գործող բարենպաստ հարկային պայմանները։
Այս բարեփոխումները նպատակ ունեն ավելացնել համակարգի գրավչությունը, խրախուսել օրինապահ վարքագիծը և ստեղծել ավելի նախընտրելի պայմաններ հարկային կամավոր կարգապահություն դրսևորող հարկ վճարողների համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականից ներդրվել է օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը, որի նպատակն է խրախուսել հարկային կարգապահությունը, ձևավորել հարկերի բարեխիղճ վճարման մշակույթ և ապահովել հարկային վարչարարության շարունակական բարելավումը։
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ընդլայնում
Օրենքի փոփոխություններով նախատեսվում է ընդլայնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության շրջանակը և ապահովել դրանց կիրառումը՝ որպես սովորական ՀԴՄ-ներին համարժեք այլընտրանք։
Առաջարկվում է ներդնել առավել ժամանակակից և ճկուն համակարգ, որի միջոցով գործարքների վերաբերյալ տվյալները փոխանցվելու են հարկային մարմնի շտեմարան՝ առանց ժամանակային ուշացումների։ Սա հնարավորություն կտա բարձրացնել գործարքների հաշվառման արդյունավետությունը, նվազեցնել տեխնիկական բարդությունները և բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունն ու օպերատիվությունը։
Մասնավորապես նախատեսվում է՝
ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության ոլորտները և հնարավորություն տալ դրանք կիրառել որպես սովորական ՀԴՄ-ի այլընտրանք,
միասնականացնել սովորական և էլեկտրոնային ՀԴՄ-ների նկատմամբ կիրառվող կարգավորումներն ու պատասխանատվության միջոցները,
սահմանել, որ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կարող են գործունեությունն իրականացնել միայն էլեկտրոնային ՀԴՄ-ով՝ առանց սովորական ՀԴՄ կիրառելու պարտավորության,
Կառավարությանը վերապահել էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների, կիրառության կանոնների և պարտադիր կիրառության ոլորտների սահմանման լիազորություն,
հստակեցնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ժամկետները,
հնարավորություն տալ ապրանքների առաքումն իրականացնել ՀԴՄ կտրոնով, եթե այն պարունակում է օրենքով սահմանված անհրաժեշտ տվյալները,
սահմանել, որ ՀԴՄ կտրոնի վրա արտացոլվող տվյալները կսահմանվեն Կառավարության որոշմամբ, ինչը թույլ կտա առավել արագ արձագանքել տեխնոլոգիական և գործարար միջավայրի փոփոխություններին։
Ակնկալվում է խթանել տնտեսության թվայնացումը, պարզեցնել ՀԴՄ-ների կիրառման գործընթացը, բարձրացնել հարկային հաշվառման թափանցիկությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև տնտեսավարողների համար ձևավորել ավելի ճկուն և ժամանակակից գործարար միջավայր։ Միաժամանակ, մինչև նոր կարգավորումների ուժի մեջ մտնելը՝ տաքսի ծառայությունների և էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրումների ոլորտում կգործեն ներկայիս կանոնները։ Օրենքը հիմնականում ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ ՀԴՄ կտրոնի տվյալները կառավարության որոշմամբ սահմանելուն վերաբերող դրույթները՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։


