Հանքարդյունաբերությունը տնտեսության մեջ դեռ կմնա դոմինանտ, վարչապետի հայտարարությունը բառակույտ է. Վարդան Բոստանջյան
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պնդում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ֆինանսական միջոցների ապահովումը մեծապես պայմանավորված է լինելու հանքարդյունաբերությամբ, ինչքան էլ կառավարության պաշտոնյաները հայտարարեն, որ տնտեսության շարժիչ ուժը հանքարդյունաբերությունը չի լինելու:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին իր հայտնի մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հերիք է՝ մենք հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսություն ունենանք»: Ավելին, օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը:
«Տնտեսական զարգացման տեսանկյունից, այո, պետք է ավելի զարկ տեխնոլոգիական զարգացմանը, մարդկային կապիտալի օգտագործմանը, իսկ ընդերքօգտագործումն ու հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության մեջ պետք է զիջի: Բայց բոլոր դեպքերում դա կտրուկ անել հնարավոր չի: Այս պահի դրությամբ Հայաստանում անհրաժեշտ ֆինանսական միջոցները մեծապես գոյանում են հանքարդյունաբերությունից», - PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բոստանջյանը:
Նրա խոսքով, բնական է, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը հանգրվանել է 1000 խոշոր հարկատուների և այդպես կշարունակվի առաջիկա մի քանի տարիներին ու իշխանությունների համար դժվար կլինի կտրուկ հրաժարվել հանքարդյունաբերությունից:
«Ներդրումային քաղաքականություն, որպես այդպիսին, այս պահի դրությամբ չկա Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն՝ մենք թռիչքաձև զարգացում չենք կարող ապահովել կարճ ժամանակահատվածում և դրանով պայմանավորված, հանքարդյունաբերությունը դեռևս կմնա մեր եկամուտների ձևավորման առումով դոմինանտ», -նշեց Բոստանջյանը՝ ընդգծելով, որ այդպես կարող է շարունակվել 3-5 տարի:
Տնտեսագետի խոսքով, տնտեսական համակարգում կտրուկ փոփոխություններ կատարելը հակացուցված է և փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: «Հիմա հռչակվում են զանազան բառակապակցություններ՝ տնտեսական հեղափոխություն, ընդերքի օգտագործումից հրաժարում, որոնք գուցե չհասկացողների համար գայթակղիչ լինեն ու սպասեն, որ վաղը փոփոխություններ են լինելու: Բայց մասնագետները հասկանում են, որ նման բան հնարավոր չի: Դրանք բառակույտ են, որոնք արձակվում են: Հարկավոր էր ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսության մեջ հարաբերությունների բարձր մակարդակ, ինչը գործող իշխանությունը, ակնառու է, որ ի զորու չէ անելու», -նշեց Բոստանջյանը:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում, բավարար պրոֆեսիոնալ չե՞ն, Բոստանջյանն ի պատասխան նկատեց, որ կառավարության թիմում արհեստավարժներ չկան: «Ես չեմ տեսնում պրոֆեսիոնալներ բոլոր ոլորտներում: Որոշում կայացնելու ղեկին մոտ կանգնած են մարդիկ, որոնք ոչ մասնագիտական Տեղի ունեցած իշխանափոխության պարագայում ի վիճակի չեն դրսևորվել: Ի վերջո հայտնի է չէ՞ ցանկացած առաջընթաց որոշում են կադրերը, հիմա կադրային կտրվածքով Հայաստանում գոյություն ունի տխուր վիճակ. Հնի ու նորի, սև ու սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականի համատեքստում եկել են մարդիկ, ովքեր նորի անվան տակ են, իսկ հին պրոֆեսիոնալ մասնագետները օտարված են»,- հավելեց Վարդան Բոստանջյանը: