ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը՝ այն հիմնասյունը, որի վրա հիմնված է ՀՀ-ն. սահմանադրագետ

Իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը՝ այն հիմնասյունը, որի վրա հիմնված է ՀՀ-ն. սահմանադրագետ

Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, ինչը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա Սրբազան Պայքարը նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համար է։

՛՛Այսօրվա իշխանությունը, ընդհանրապես չարժևորելով որևէ ազգային արժեք, հարցականի տակ է դնում նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով։

Այս վարչախմբի ղեկավարն այսօր նորից վերահաստատեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ ծածկելով այն շարժառիթները, որոնք դրդում են Սահմանադրությունը փոխելուն։

Իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել նախաբանում հաստատագրված Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն՝ այն հիմնասյունը, որի վրա հիմնված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:

Այսօր Հայաստանի իշխանությունն անբարո կռիվ է սկսել Արարատ լեռան դեմ։ Այսօր Փաշինյանի վարչակազմը, ընկրկելով թուրքական ու ադրբեջանական ճնշմանը, վախենում է նույնիսկ Արարատ լեռան մասին խոսել, Արարատը փորձում է փոխարինել Արագածով, վաղը Արագածին կասեն Ալագյազ և այդպես շարունակ։
 
Խորհրդանիշները կարևոր են մեր ինքնության համար, եթե ժողովուրդները չունեն պատմական հիշողություն, վերանալու են պատմության թատերաբեմից, այս վարչախումբը մեզ տանում է այդ ճանապարհով՛՛,-նշեց նա։

 

  • Կիսվել: