Եղվարդում վարդերի ջերմոցի տարածքը կկրկնապատկվի. «Պրիմառոսան» արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷՊՍԻԼՈՆ ԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել գուլպաների, ներքնաշորի, կտորի և հագուստի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 935 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 4 աշխատատեղ 105 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 24-ի՝ 125 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 46․7 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՊՐԻՄԱՌՈՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերությունը Եղվարդ քաղաքում կառուցել է 1,3 հա ունեցող ջերմատուն, որտեղ աճեցվում են տարբեր սորտերի, բարձր բերքատվության և որակի վարդեր։
Ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը նախատեսում է ընդլայնել ջերմատան մակերեսը հավելյալ 1.2 հա-ով՝ հաշվի առնելով գրանցած հաջողությունները: Վերոնշյալ ընդլայնումը թույլ կտա վերջինիս մեծացնել արտադրության տեսականին և քանակը, ավելի մրցակցային դիրք զբաղեցնել միջազգային շուկայում, ինչպես նաև կօպտիմալացնի լոգիստիկ շղթաների գործունեությունը:
Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 499․7մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 170 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, և 15 մլն դրամի ներդրում այլ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 21 աշխատատեղ 111 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2028 թվականը ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝111 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 669․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 33․8 մլն դրամ։