շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բարտերից մինչև թղթադրամ ու կրիպտոարժույթ. ԿԲ նախագահը DDF-ում խոսեց փողի էվոլյուցիայից

Բարտերից մինչև թղթադրամ ու կրիպտոարժույթ. ԿԲ նախագահը DDF-ում խոսեց փողի էվոլյուցիայից

Երևանում անցկացվող «Ապագայի փողը. Տնտեսական ազդեցությունները» խորագրով  Doing Digital Forum-ի շրջանակում Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձավ փողի էվոլյուցիային, փողի նկատմամբ հանրության վստահությանն ու այլ հարցերի: 

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը փողի ապագան հասկանալու համար կարևորեց մի քանի հիմնարար հարց, մասնավորապես, թե ո՞րն է փողի դերը, ի՞նչ քայլեր են թույլ տալիս արժույթի նկատմամբ համակողմանի վստահություն ձևավորել: Նա անդրադարձավ փողի էվոլյուցիային՝ բարտերով ապրանքներ փոխանակելուց մինչև թղթադրամ, ֆիատ, կրիպտոարժույթ և այլն:

Անդրադառնալով կրիպտոարժույթին՝ Գալստյանը նկատեց, որ այս դեպքում և՛ վստահության հարցը, և՛ ներհատուկ արժեքի հարցը դառնում են ավելի հրատապ:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում կրիպտոակտիվները բավականին մեծ թափ են հավաքել: Եթե կրիպտոարժույթը պահվում է որպես արժեք ձևավորող միավոր և կարող է ժամանակի ընթացքում նշանակալի վերադարձելիություն ապահովել, ապա ավելի քիչ կենսունակ է դառնում որպես փոխանակման միջոց: Կրիպտոյի ռիսկայնությունը, հաշվի առնելով դրա արժեքի հարափոփոխ մակարդակը, ավելի բարդացնում է իրավիճակը»,-ասաց ԿԲ նախագահը: 

Գալստյանի խոսքով՝ տնտեսությունները ժամանակի ընթացում պետք է կարողանան մասնավոր արժույթների հնարավորություն ստեղծել: 

«Ակտիվներն առանց ներհատուկ արժեքի, կոնստանտ գնով կարող են հույս ունենալ, որ կգոյատևեն որպես փոխանակման հնարավորություն: Մարդիկ չեն ցանկանա արժույթը փոխանակել, եթե ներհատուկ արժեքը ժամանակի ընթացքում միայն աճելու է: Երկրորդը՝ հանրության վստահությունը փողի նկատմամբ սովորաբար ձևավորվում է վստահելի ինստիտուցիոնալ նորմերից, կանոնից: Օրինակ՝ դրամավարկային քաղաքականությունը, որը վերահսկում է փողի արժեքի տեղաբաշխումը՝ պահանջարկին համապատասխան, որպեսզի արժույթը 0 ներհատուկ արժեք ունենա»,-ասաց Գալստյանը:

2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 40 նշանավոր խոսնակի եւ 2000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ Այս տարի ֆորումը կանցկացվի երրորդ անգամ ու կկրի «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագիրը։

Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է: Արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել է ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։

 

  • Կիսվել: