հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը Հայաստանի կառավարության քաղաքական հանձնառությունն է։

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և ԹՐԻՓՓ նախագծի իրականացման աշխատանքներին։

Միրզոյանը նշեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ մեծ հետաքրքրություն է նկատել նաև նախորդ օրվա խորհրդարանական քննարկման ընթացքում։

«Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է, և մենք ուզում ենք օր առաջ տեսնել այդ փաստաթուղթը ստորագրված։ Որովհետև, հասկանալիորեն նաև ենթակառուցվածքներն ունեն ոչ միայն տնտեսական, այլև խաղաղությունն ամրապնդող գործառույթ և առաքելություն»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրին՝ Միրզոյանը հայտնեց, որ Ազգային ժողովում արդեն պաշտոնապես մեկնարկել է դրա վավերացման գործընթացը։ Նրա խոսքով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել բովանդակային քննարկում, իսկ մոտ մեկ շաբաթից համաձայնագիրը նախատեսվում է քննարկել խորհրդարանի լիագումար նիստում։

Միրզոյանը տեղեկացրեց նաև, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակում հայ-ամերիկյան ընկերության (ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն) հիմնադրմանն առնչվող փաստաթղթերի մշակման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ։ Նրա փոխանցմամբ՝ առաջիկայում սպասվում է փաստաթղթերի վերջնականացում, որից հետո հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների հաջորդ փուլին։ 

Խոսելով խորհրդարանական քննարկումներից ստացած տպավորությունների մասին՝ նա նշեց, որ ապաշրջափակման ենթակառուցվածքների վերաբերյալ բավականին դրական ընկալում է նկատել նաև ոչ կառավարող խորհրդարանական ուժերի կողմից։

 

  • Կիսվել: