երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Այդ գումարներն ամենաշատը ծախսում են ծխախոտի, ապա բենզինի վրա. Փաշինյանը՝ թոշակառուների տրվող հետվճարի մասին

Այդ գումարներն ամենաշատը ծախսում են ծխախոտի, ապա բենզինի վրա. Փաշինյանը՝ թոշակառուների տրվող հետվճարի մասին

Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել թոշակառուների համար անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը, սակայն նախատեսում է նաև բովանդակային որոշակի փոփոխություններ: Այս մասին, այսօր ԱԺ հանձնաժողովներում  2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականին թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ: Իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը թոշակառուների կողմից  կազմել է 60 մլրդ 104 մլն դրամ»,–ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց այս ծրագիրը, որն օգնում է ստվերը կրճատել:

Վարչապետը խոսեց նաև որոշակի մտահոգությունների մասին. «Վերջերս ես տեղեկանք խնդրեցի, թե ի վերջո մեր սիրելի թոշակառուներն ինչի՞ վրա են ծախսում այս գումարները: Եվ զարմանքով արձանագրեցի, որ մեծ տարբերությամբ գումարները ծախսվում են առաջին տողով ծխախոտի, երկրորդ տողով՝ բենզինի վրա: Սա մեզ առնվազն մտածելու տեղիք պետք է տա, թե ինչն է պատճառը»,–ասաց վարչապետը:

Նա այն համոզմանն է, որ պետք է զարգացնեն անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը: Թե ինչպես և երբ, կառավարությունում քննարկումներ կան:

«Բայց նաև բովանդակային որոշակի փոփոխություններ պետք է անենք, որ չստացվի, թե մեր սիրելի թոշակառուներին կամ նրանց թոռնիկներին մղում ենք ավելի շատ ծխելու: Մեր նպատակադրումն այն է, որ նրանք ոչ միայն ավելի քիչ ծխեն, այլ նաև ընդհանրապես չծխեն ու առողջ ապրելակերպով ապրեն»,–ասաց Փաշինյանը:

Հայաստանում թոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում 10 տոկոս հետվճար են ստանում, սակայն ոչ ավելի, քան 5 հազար դրամը:

  • Կիսվել: