կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի 2024 թ․ երկրորդ և երրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 600 մլն դրամով․ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՍՀ նախարարությունից:

Միջոցառման շրջանակում 2024 թվականին աջակցություն է ստացել 888 շահառու։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել երեխա ունեցող շուրջ 10 հազար ընտանիք․ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 7 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին՝

  • առաջին բաղադրիչի շրջանակում՝ տրվում է միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,
  • երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Ծրագրի առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • ունենալ առնվազն 2 անչափահաս երեխա,
  • հիփոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ից հետո,
  • տան արժեքը չգերազանցի 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։

Աջակցության չափը՝

  • երկու երեխայի դեպքում մինչև 1 մլն դրամ է,
  • երեք երեխայի դեպքում՝ մինչև 1,5 մլն դրամ,
  • չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ։

Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Այս բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է՝

  • դիմել մինչև երեխայի մեկ տարին լրանալը,
  • ունենալ առնվազն 12 ամիս գործող հիփոթեքային վարկ, որի գծով ուշացումները չեն գերազանցում 30 օրը,
  • տան արժեքը չգերազանցի 35 մլն դրամը,
  • ընտանիքը չունենա այլ բնակելի անշարժ գույք։

Աջակցության չափը՝

  • ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով պայմանավորված կազմում է մինչև 500 հազար դրամ,
  • երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։

Երկու բաղադրիչի դեպքում, եթե քաղաքացին բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցության չափերն ավելանում են 50 տոկոսով։

Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։

  • Կիսվել: