Մեղրի համայնքում մեկնարկել է ամառային զորակոչը
Այսօր՝ հուլիսի 8-ին, Մեղրի համայնքում մեկնարկեց ամառային զորակոչը, հայտնում են Մեղրիի համայնքապետարանից:
՛՛Մեղրի համայնքի թվով 16 նորակոչիկներ ստանձնեցին իրենց զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ:
Նորակոչիկների ճանապարհելու արարողությանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, զինվորականներ, հոգևոր հովիվը և հարազատներ։
Հնչեցին բարեմաղթանքներ ու հորդորներ՝ համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի, հոգևոր հովիվ Տեր Շիրակի, Սյունիքի մարզի Մեղրու բաժանմունքի պետ Արմենակ Արիստակեսյանի կողմից:
Իրենց գեղեցիկ կատարումներով նորակոչիկներին ոգևորեցին և հրաժեշտ տվեցին «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի երգի խմբակի սաները։
Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի կողմից օրհնված խաչերն ու Տեր Շիրակի կողմից աղոթարանները ստանալուց հետո նորակոչիկները մեկնեցին ծառայության։
Խաղաղ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում ձեզ՝ հայրենիքի պաշտպաններ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։