Բադալյանը ներկայացրել է COP17-ի ՀՀ նախագահության առաջնահերթությունների կյանքի կոչման նպատակով թափանցիկության ապահովման հարցում ՀՀ մոտեցումները
Հոկտեմբերի 26-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի մամուլի խոսնակ Անի Բադալյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների ամրապնդումը տեղեկատվական ամբողջականության ապահովման միջոցով. դասեր կլիմայական ոլորտի փորձից» խորագրով պանելային քննարկմանը։
Անի Բադալյանը ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կյանքի կոչման նպատակով ներառականության և թափանցիկության ապահովման հարցում ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով հավաստի ու գիտականորեն հիմնավորված տեղեկատվության կարևորությունը բնապահպանական արդյունավետ քաղաքականության իրականացման և հանրային վստահության ամրապնդման գործում։
Ընդգծվել են երիտասարդության անմիջական ներգրավածության, անկախ լրատվամիջոցների դերի, մեդիա և տեղեկատվական գրագիտության բարձրացման, ինչպես նաև փոփոխվող պայմաններում տեղեկատվական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը:
ԱԳՄԱ նախարարի մամուլի քարտուղարը վերահաստատել է Հայաստանի՝ որպես COP17-ը նախագահող երկրի պատրաստակամությունը նպաստելու այս ուղղությամբ գործնական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ միտված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացմանը:
Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչության, Բրազիլի արտաքին գործերի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբազմազանության և էկոհամակարգերի բաժնի, ինչպես նաև Երիտասարդական կլիմայական խորհրդի ներկայացուցիչները։



