ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վարկանիշային ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար

Վարկանիշային ցուցահանդես` Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ ընթանում է վարկանիշային ցուցահանդես` միության անդամ դառնալու նպատակով:

Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Նախարարը շրջել է սրահներում, զրուցել աշխատանքների հեղինակների հետ:  Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներից նա հետաքրքրվել է՝ ի՞նչ աշխատանքներ են ներկայացրել, ի՞նչ ակնկալիքներ ունեն, արդյոք պատրաստվո՞ւմ են հաջորդ տարիներին ևս դիմել:

Վարկանիշային ցուցահանդեսը գործում է 2019 թվականից. այն նախատեսված է Հայաստանի նկարիչների միության անդամ չհանդիսացող կերպարվեստի ներկայացուցիչների համար: Դիմողները ներկայացնում են գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ. թեմայի ընտրության հարցում նրանք ազատ են:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ այս տարի ներկայացվել է 500 հայտ, որից հանձնաժողովն ընտրել է ավելի քան 200 աշխատանք: 8 մասնակից ստացել է խրախուսական նվերներ: Ցուցահանդեսին մասնակցելու հնարավորություն ունեցող մասնակիցը ստանում է մեկ միավոր. 5 միավոր ունենալու դեպքում հնարավորություն է տրվում դառնալու Հայաստանի նկարիչների միության անդամ:

 

  • Կիսվել: