«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը
Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Հայաստանի մշակութային կյանքում համախմբող դեր ունի և վերածվել է գեղեցիկ ավանդույթի, որին սպասում է հանրությունը: Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կարևորել է հատկապես նոր հնարավորությունների ստեղծման, կինոարտադրության խթանման, փառատոնը միջազգային հարթակում ճանաչելի դարձնելու առումներով:
«Սա նաև առիթ է՝ խոսելու կինոյի ոլորտում պետական քաղաքականության ու իրականացված բարեփոխումների մասին: Բոլորովին վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը: Արդեն իսկ ներկայացվել են ներդրումների վերադարձի 50-ից ավելի հայտեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ նշելով, որ շարունակական քննարկումների և լավարկման փուլում է նաև «Կինոյի մասին» օրենքը՝ կինոարտադրությունը զարգացնելու նպատակով:
Նա կարևորել է փառատոների կարևորությունը կինոյի ոլորտում՝ նշելով նաև «Ռեանիմանիա» և Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոները՝ ընդգծելով մասնավոր հատվածի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոլորտի առաջխաղացման գործում:
Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Ոսկե ծիրանի» նախկին մրցանակակիր, ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկրում» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով կմեկնարկի Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը, որին ներկա կլինի շուրջ 8000 հանդիսատես:
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այս տարի նույնպես գլխավոր հովանավորի և աջակցողի դերն է ստանձնել, և վստահություն է հայտնել, որ կինոփառատոնը նախատեսված ֆիլմերով ու ծրագրերով այս տարի ևս կլինի հիշարժան:
Շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ Հարություն Խաչատրյանն ընդգծել է, որ փառատոնն ինքնարտահայտման և ոլորտում առաջխաղացում ունենալու առումով հեռանկարային է հատկապես երիտասարդների համար:
Կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը հավաստել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը համաշխարհային փառատոների ասոցիացիայի կողմից հավատարմագրվող փառատոների ցանկում ընդգրկելու ուղղությամբ:
Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը ևս կարևորել է փառատոնի անցկացումը թե՛ միջազգային տարբեր փառատոներում հեղինակություն վայելող ֆիլմերի, թե՛ հայկական ֆիլմարտադրության ներկայացվածության առումով, որոնք հեղինակել են նաև երիտասարդ ռեժիսորները:
«Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է, ղեկավարել է Ֆրանսիայի ամենամեծ կինոդպրոցի՝ La Femis-ի (2008) հանձնաժողովը:
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը և տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը Ամիր Նադերին է:
Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիր, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ: