հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցությամբ ու ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու արձանագրված արդյունքները։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել 2023 թ․ մեկնարկած «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» բյուջետային ծրագրին, որը միտված է կրթական բարեփոխումների խթանմանը։ Ներկայացվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, դպրոցների կառավարման համակարգի բարելավման, ուսուցիչների վերապատրաստման և կրթական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք նույնպես իրականացվում են 2018 թվականից մեկնարկած «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում:

Ներկայացվել է նաև ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի՝ կոնվերգացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքների ընթացքը:

Անդրադառնալով մասնագիտական կրթության ոլորտին՝ նախարարի տեղակալը նշել է «European Alliance For Apprenticeships» ծրագրի մասին, որին ՀՀ-ն անդամակցում է 2023 թվականի հոկտեմբերից: ՀՀ հիմնական հանձնառությունը վերաբերում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխմանը՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրմամբ: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ 2024 թվականից ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը համակարգային փոփոխություններ է մտցնում ոլորտում՝ առանցքային դարձնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, մասնավորի հետ համագործակցությունն ու տնտեսության հետ կապը։ Ներկայում դուալ ուսուցման մոդելով իրականացվող մասնագիտությունների մասնաբաժինը հասել է 17%-ի, իսկ ուսումնական հաստատություններինը՝ 23%-ի:

Նախարարի տեղակալը նիստի ընթացքում հանդես է եկել առաջարկությամբ, այն է՝ Հայաստանում իրականացվող «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում դիտարկել Եվրոպայի քոլեջի մասնաճյուղի հիմնումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում նման հաստատության գործունեությունը խորհրդանշական և ռազմավարական նշանակություն կունենա՝ դառնալով ԵՄ շարունակական ներգրավվածության տեսանելի արտահայտությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում, միևնույն ժամանակ կլինի ներդրում առաջնորդների ապագա սերնդի զարգացման գործում՝ միտված եվրոպական արժեքների ինտեգրմանը։

Ներկայացվել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը «Erasmus+» ծրագրում՝ ներառյալ շարժունության և կարողությունների զարգացման ընթացիկ նախագծերը։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի մասնակցությանը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին՝ նշելով, որ ֆինանսավորման ծավալը կրկնապատկվել է։ Ներկայում գործում է «Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոն» հիմնադրամը, որը նպաստում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրում գիտական շրջանակների ներգրավմանը։

Մշակույթի ոլորտում ներկայացվել են «Ստեղծագործ Եվրոպա», «Կատապուլտ» և «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրերի արդյունքները։ Ընդգծվել են ստեղծարար ոլորտների զարգացումը, երիտասարդ ստեղծագործողների և կազմակերպությունների կարողությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային տեսանելիության բարձրացումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ միանալու նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչին, որը ոչ միայն կընդլայնի մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարը, այլ նաև կնպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը, քանի որ ծրագրի շահառու կարող են լինել նաև ԶԼՄ-ները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությունը, որն ակտիվացել է «Երիտասարդության մասին» ՀՀ առաջին օրենքի ընդունումից հետո՝ ակնկալելով ԵՄ աջակցությունը։ Նա հատկապես կարևորել է երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանման և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ոլորտային ռազմավարություններով և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ կրթության և մշակույթի ռազմավարությունների հաջող իրականացման և զարգացման գործընկերների հետ երկխոսության զարգացման առումով:

  • Կիսվել: