շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական միջազգային հաջողությամբ է նշանավորել իր համերգային գործունեությունը։ Նոյեմբերի 27-ին նվագախումբը հրաշալի համերգով հանդես է եկել աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում։

Համերգը կայացել է Բոչելիի՝ «Romanza» ալբոմի 30-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության (Romanza 30th Anniversary World Tour) շրջանակում։ Հենց այս ալբոմն է Բոչելիին համաշխարհային ճանաչում բերել:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ մեծ հպարտություն է ելույթ ունենալ Բոչելիի հետ. «Հպարտ ենք լինել այստեղ և մասը կազմել այս կարևոր շրջագայության, որի շրջանակում դեկտեմբերի 2-ին էլ Բոչելիի հետ ելույթ կունենանք Աբու Դաբիում»։

Հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունն առանձնահատուկ գնահատել է նաև Անդրեա Բոչելիի երաժշտական պրոդյուսեր և դիրիժոր Կառլո Բերնինին, որը երկար տարիներ աշխատում է մաեստրոյի հետ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրաշալի կոլեկտիվ է. «Անչափ հպարտ եմ նրանց հետ աշխատել. շատ տաղանդավոր և պրոֆեսիոնալ երաժիշտներ են»։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Անդրեա Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին Աբու Դաբիի հեղինակավոր Etihad Arena-ում։ Ի դեպ, այդ համերգի բոլոր տոմսերն արդեն սպառվել են։

  • Կիսվել: