Պայքարելու ենք, որ Արցախի թեման չփակվի. Ստեփանյան
Մենք համաձայն չենք նրա հետ, որ Արցախի ժողովրդի ճակատագրին վերաբերող շարժումը առանց Արցախի ժողովրդի կամքը, ցանկությունը, ձայնը լսելու համարվի փակված։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում արցախցիների իրավունքներին նվիրված հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, Արցախի ժողովուրդն ունի սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ, հավաքական կերպով ապրելու իրավունք եւ երբեւէ չի պատրաստվում հրաժարվել այդ իրավունքից։
Ով ինչից ուզում է, թող հրաժարվի, բայց մենք մեզնից չենք կարող հրաժարվել։ Պարզապես պետք է հասկանանք, որ մեզ համար Արցախի էջի փակումը հավասարազոր է սեփական գոյության իմաստազրկմանը։ Հետեւաբար՝ որքան կանք, որքան ունենք այդ հնարավոությունը աջակցություն հայտնել մեր Հայաստանի Հանրապետության հայրենակիցներից, պայքարելու ենք, որ Արցախի թեման չփակվի»: