ՄԽ համանախագահ երկրների նման դիրքորոշումն արժանի է գովասանքի. ԱՀ ԱԺ պատգամավորը՝ դեսպանների՝ Շուշի չայցելելու մասին
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի հրավերը այցելելու Շուշի և դրանով առաջացրել Բաքվի անտարակույս զայրույթը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի՝ օկուպացված Շուշիում արած այսօրվա հայտարարություններին։
«Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի հրավերը այցելելու Շուշի և դրանով առաջացրել Բաքվի անտարակույս զայրույթը։
Մինսկի խմբի համանախագահ երկրների նման դիրքորոշումը, իհարկե, ողջունելի է և արժանի է գովասանքի։
Այն արցախահայության համար նշանակում է ինքնորոշման իրավունքի համար պայքարում աջակցություն աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։
Պատերազմում ունեցած հաղթանակով ոգևորված մեր հարևանների նման պահվածքն էլ մի կողմից զավեշտալի է, մյուս կողմից ինչ որ չափով հասկանալի(մենք նույնպես 1994 -ի հաղթանակից հետո պնդում էինք, որ մեր հարցը լուծված է)։
Հ.Գ. Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն ունի և այն պիտի լուծվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում՝ հիմքում ունենալով միջազգային իրավունք ու միջազգային փաստաթղթերը։
Մնացածը պաթոս է, հեքիաթ և իրավիճակի խեղաթյուրում՝ առանց տարբերության, թե որ կողմից և ինչ նպատակներով է դա արվում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ-ին և Ֆրանսիային մեղադրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու մեջ։