Նախկին նախագահները հանձնել են ԼՂ-ն, որ այստեղ 100 հազար և ավելի ցուցարար ունենան իշխանազավթման համար. Պապոյան
Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմինները լուծարվել են Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ և ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ անձի՝ ԼՂ նախագահ դառնալուց 10-15 օր հետո է դա տեղի ունեցել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Գեւորգ Պապոյանը։
«Դա մի պրոցես էր, երբ նվազագույնը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, նրանց թիմերը ոչ միայն ողջունում էին, այլև՝ քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից, երբ պալատական հեղաշրջում էր տեղի ունեցել։ Մեզ խոստանում էին, թե ահա, տեսեք, թե ինչ քաղաքականություն է վարվելու ԼՂ-ում և տեսանք։ Երկրորդ և երրորդ նախագահների թիմերը ընդամենը 10 օրում «հաջողությամբ» լուծարեցին ԼՂ բոլոր ինստիտուտները, որից հետո լուծարեցին նաև ԼՂ-ն»,-ասաց նա:
Պապոյանը շարունակեց, որ այդ ուժերը ճնշում էին գործադրում ՀՀ իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որ ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի ԼՂ տարածքը. «Բնականաբար, պատճառը մեկն էր, որ նրանք ունենային 100 հազար ավել կամ քիչ ցուցարար, ինչը կարող էր ավելացնել իշխանությունըզավթելու իրենց հնարավորությունը»,- ընդգծեց նախարարը:
Գեւորգ Պապոյանի խոսքով, նախկին նախագահների կողմից տասնամյակներ շարունակվող բանակցությունները ընդամենը նրա մասին են եղել, թե երբ եւ ոնց է հանձնվելու ԼՂ-ն եւ շրջապատող տարածքները. «Նրանք բանակցել են ԼՂ-ն հանձնելու շուրջ, բայց եկել են Հայաստան, սկսել են հոխորտալ, վարձել են տարբեր տեսակի գիտնականների, պալատական լրագրողների, որոնք հանրության մեջ տարածել են ոչմիթիզականության գաղափարը: Իսկ տակից բանակցվել է, թե որ շրջանը երբ պետք է տան»:
Հարցին՝ կցանկանար, որ հիմա Արցախի մերը լիներ, Պապոյանը պատասխանեց․ «Շատ բան կուզեի, բայց չեմ ցանկանում իմ ցանկությունների մասին խոսել։ Մենք իրավունք չունենք մեր ցանկությունները դարձնել քաղաքականության առաջնահերթություն, մեր խնդիրն է, որ շարժվենք ռեալ-պոլիտիկով, շարժվենք Հայաստանի 29 743 քկմ տարածքի ամրապնդման, մեր երկրի պետական սահմանների ամրապնդմամբ եւ մեր ժողովրդի բարեկեցության հարցերը լուծելով: Շատ հեշտ է ժողովրդի բարեկեցության հարցերը թողնել մի կողմ և տարբեր տեսակի «վայ-ուռա» հայրենասիրական տեքստային փաթեթավորումով հասնել առաջ»: