երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Կառավարությունից արցախցիներին առաջարկեցին 4 հոգանոց խումբ կազմել, որ ընդունեն

Կառավարությունից արցախցիներին առաջարկեցին 4 հոգանոց խումբ կազմել, որ ընդունեն

«Փողոցում քննարկում չի լինում»,-ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու դուրս եկած գործադիրի ներկայացուցիչը։

Ակցիայի մասնակիցները խնդրում էին, որ իրենք ներկաների ու ԶԼՄ-ների ներկայությամբ հարցեր ուղղեն կառավարության ներկայացուցիչներին, լսեն նրանց պատասխանները։

«Մենք պատրաստ ենք հարցերը քննարկել, բայց ոչ էս ձևաչափով»,-ասաց կառավարության ներկայացուցիչը։

Արցախցիները հիշեցրեցին՝ 2-3 ամիս է՝ մասնագիտական խմբերով քննարկումներ են ունեցել, սակայն արդյունք չի եղել։

Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց 4-5 հոգանոց խումբ ձևավորել, ներսում հանդիպում ունենալ։ Նրանց կընդունեն փոխվարչապետ Տիգրան Սարգսյանի գրասենյակում, ներկա կլինի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

 Ի պատասխան ասացին՝ պետք է ներկա արցախցիների հետ քննարկեն, հետո որոշման մասին կհատնեն։

Մինչ այդ մի կին մոտեցավ դուրս եկած պաշտոնյանին ու փոխանցեց բողոքը.

«Գնում է, ինչքան թուրք կա, հետը հանդիպում է։ Մի արցախցու ինչի՞ չի հանդիպել։ Սոցապ նախարարը ստեր է հորինում, ասում, վարչապետն էլ ասում է՝ շատ լավ։ Ի՞նչը շատ լավ։ Արցախցիներն այստեղ բլոկադայի մեջ են»։

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում։

  • Կիսվել: