«Ձայն Հադրութի». հայրենի եզերքը կորցրած մարդիկ խոսում են գրքի էջերում
Լույս է տեսել թյուրքագետ-լրագրող Սոֆիա Հակոբյանի «Ձայն Հադրութի» խորագրով գիրքը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ս. Հակոբյանը նշեց, որ իրականում երբևէ չի մտածել, որ մի օր կգրի Հադրութի մասին։ «Որպես թյուրքագետ և լրագրող` գրեթե 10 տարի ուսումնասիրել եմ Թուրքիայում ապրող իսլամացված և քրիստոնյա հայերին, մտածել եմ՝ այդ մասին բարձրաձայնողներ գրեթե չկան, իսկ Արցախը երևի թե դեռ իմ կարիքը չունի։ Բայց 2020-ը, իհարկե, շուռ տվեց բոլորիս կյանքի հունը։ Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Հադրութից տեղահանված մեր հայրենակիցները հայտնվեցին Հայաստանում, նրանցից պարբերաբար լսում էի այս կամ այն գյուղում խաղաղ բնակիչների սպանությունների, անհայտ կորածների մասին։ Ակնհայտ էր, որ գործ ունենք հենց այդ պահին տեղի ունեցող էթնիկ զտման հետ ու ակնհայտ էր, որ բավարար չափով չէինք գիտակցում, թե որքան կարևոր էր այդ պատմությունները հենց այդ պահին արձանագրելը։ Հիշում եմ, այդ նույն օրերին Ադրբեջանի նախագահը արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում հավաստիացրել էր, որ արցախցիներն «իրենց քաղաքացիներն» են և որ իրենք պատրաստ են կյանքի լավագույն պայմաններով ապահովել նրանց։
Mediamax.am-ի տնօրեն Արա Թադևոսյանը շատ դիպուկ հակադարձել էր Ալիևի այդ հարցազրույցին՝ առաջարկելով նրան հարցազրույց տալ հայկական լրատվամիջոցին ու պատմել, թե այդ ինչ կյանքի «լավագույն» պայմաններ են սպասվում արցախցիներին Ադրբեջանի կազմում։ Իհարկե, Ադրբեջանից չարձագանքեցին, բայց հենց այդ պահին իմ գլխում, ինչպես ասում են, այդ «լամպը» վառվեց, ու ես առաջարկեցի Արա Թադևոսյանին ինքներս ցույց տանք «լավագույն կյանքը», որը ադրբեջանցիները բերեցին Հադրութ։ Նախագիծը ստացավ «Ձայն Հադրութի» անունը, իսկ ավելի ուշ, թարմացվելով ու ավելի ընդգրկուն տեսք ստանալով, վերածվեց գրքի «Գևորգ Վիրաց» հրատարակչության կողմից», - ներկայացրեց Ս. Հակոբյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ հադրութեցիներն իրենք են իրենց ասելիքը փոխանցում գրքի միջոցով։ «Նպատակը հենց այդ հարթակը ստեղծելն էր, փորձել հադրութեցուն տալ այդ ձայնի իրավունքը, որից նրան զրկում է այն երկիրը, ում զինված ուժերի վերահսկողության տակ է այժմ Հադրութը։ Խնդիրն այն է, որ պատերազմները քննարկելիս մարդիկ խոսում են տարածքների մասին, բայց չեն խոսում այդ տարածքներում ապրող մարդկանցից։ Նախագծի շրջանակներում մենք երկու տասնյակից ավելի հարցազրույցներ անցկացրեցինք բռնի տեղահանված արցախցիների հետ Հադրութի ամենատարբեր գյուղերից։ Փորձել ենք մեր հերոսների շարքերում ընդգրկել մարդկանց ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների․ կանայք, տղամարդիկ, մեծահասակներ և երիտասարդներ, բուժաշխատողներ, գերությունից վերադարձածներ, սպանված խաղաղ բնակիչների հարազատներ։ Որպես լրագրող` հիմնականում ձեռնպահ եմ մնացել անձնական կարծիք կամ մեկնաբանություն թողնելուց և զրուցակիցներիս պատմությունները կարծես ուղիղ երկխոսություն են նրանց ու ընթերցողի միջև՝ առանց կողմնակի միջամտության։ Մեր զրուցակիցները հիմնականում անզեն խաղաղ բնակիչներ են, նույնիսկ տղամարդիկ, ում հետ զրուցել ենք, զինապարտության տարիքում չէին արդեն։ Այսինքն՝ մենք, ի դեմս մեր հերոսների, տեսնում ենք մարդկանց, ովքեր զինված չէին, չէին կարող ընկալվել լեգիտիմ թիրախ, բայց, միևնույնն է, իրենց մաշկի վրա զգացին Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ուղղակի հետևանքները, զրկվել են տարրական իրավունքներից և այսօր էլ նրանց ձայնը պարզապես անտեսվում է», - նշեց Ս. Հակոբյանը։ Գիրքը հրատարակվել է երեք լեզուներով և ուղերձներ է պարունակում թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար։ «Հիմա կասեք՝ հայկական լսարանին էլ ի՞նչ պիտի պատմենք, որ դեռ չգիտեն կատարվածի մասին։ Բայց պարզվում է, որ շատ բան չգիտեինք` թե՛ Հադրութի, թե Արցախի մասին առհասարակ։ Ամեն հարցազրույցի վերջում հավելել ենք տեղեկություններ տվյալ գյուղի պատմության, պատմամշակութային ժառանգության վերաբերյալ։ Հույս ունենք, որ գիրքը պետք է սթափեցնի շատերին, ովքեր Հայաստանում և Արցախում ապրում են նույն հադրութեցու հետ կողք-կողքի, բայց ոչ միշտ են նկատում վերջինիս անձնական դրաման, հասարակության ոչ բոլոր շերտերն են ընկալում տեղի ունեցած ողբերգության չափն ու հետևանքները։ Չմոռանանք նաև, որ մենք խնդիր ունենք քաղաքականացված քննարկումներից կամ զուտ սոցիալական խնդիրների համատեքստից դուրս հասկանալու Հադրութն ու հադրութեցուն, և հնարավորինս օբյեկտիվորեն արձանագրենք մեր պատմության այս փուլն իր բոլոր ցավոտ և ուշագրավ կողմերով, մեր արածների և չարածների հետ առերեսվելով ու բազմաթիվ հարցերի պատասխաններ ինքնուրույն փնտրելով։ Ինչ վերաբերում է արտաքին լսարանին, նպատակն, անշուշտ, Արցախյան խնդրի շուրջ աշխարհում ամեն օր տարածվող ապատեղեկատվության դեմ մեր բաժին պայքարն է։ Արդյո՞ք ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայերն, իսկապես, անհոգ ու ապահով կյանք են վարել և Արցախյան շարժումը դրսից հրահրված անհիմն հուզումների արդյունք էր, ինչպես պնդում են Ադրբեջանում։ Արդյո՞ք այդքան հեշտ է Արցախի ամբողջ պատմամշակութային ժառանգությունը վերագրել Աղվանքի(Կովկասյան Ալբանիայի) ժողովուրդներին կամ վիճարկել հայերի` այստեղ ապրելու իրավունքը՝ քննարկելով նրանց տեղաբնիկ լինել-չլինելը։ Չմոռանանք, որ հենց Հադրութում են դրվել Արցախյան շարժման հիմքերը, և ով, եթե ոչ հադրութեցին պիտի աշխարհի հետ խոսի դրա դրդապատճառների, ինքնորոշման իրավունքի, խաղաղության ու պատերազմի, ինչպես նաև համակեցության հնարավորությունների մասին։
Ի դեպ, գրքում հատուկ անդրադարձել ենք նաև առաջին Արցախյան պատերազմի ժամանակ բռնի տեղահանված մարտակերտցիների խնդրին, նաև Հադրութի շրջանի այն գյուղերին, որոնք փորձել են հայաթափել «Օղակ» գործողության ժամանակ։
Ընդգրկել ենք պատմություններ Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին։ Քանի որ այսօր ակտիվորեն շրջանառվող թեզերից է, թե 90-ականներին միայն ադրբեջանցիներն են տեղահանվել, իսկ հիմա` հայերը, հաճախ փորձ է արվում հավասարակշռել կողմերը, արժեզրկել այսօրվա բռնի տեղահանված մարդկանց խնդիրը և լեգիտիմացնել ադրբեջանական ագրեսիան։Մինչդեռ առաջին պատերազմի մեր փախստականները պարզապես անտեսված են եղել, և դա մեր մեծ բացթողումն է։
Ես դեմ եմ «Միևնույնն է՝ ինչ կուզեն կանեն», «Մեր ձայնը ո՞վ պիտի լսի», «Ամեն ինչ որոշված է» և նման այլ մտքերի։ Մենք երևի թե չափից շատ լուրջ ենք վերաբերում դավադրաբանական տեսություններին և նախընտրում ոչինչ չանել։ Իրականում մեր ու միայն մեր պատասխանատվությունն է, որ Մարաղայի մասին նույնիսկ Հայաստանում շատերը չեն լսել», - հավելեց Ս. Հակոբյանը։