ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախցիների համար Թուֆենկյան հիմնադրամը Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում․ Հետք

Արցախցիների համար Թուֆենկյան հիմնադրամը Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում․ Հետք

«Ե՛կ Սվարանց, նոր կյանքդ սկսիր Սվարանցում՝ հին ավանդույթների և նոր հնարավորությունների գյուղում»,– այս գայթակղիչ նախաբանով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի աշխատակիցները մարզից մարզ են գնում՝ 2023թ․ սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանվածներին հանդիպելու և վերաբնակեցման իրենց ծրագիրը ներկայացնելու համար։ Հայտնում է "Հետք"-ը։

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում՝ արցախցի 20 ընտանիք վերաբնակեցնելու համար։ Տաթևի համայնքապետարանը թաղամասը կառուցելու համար մոտ 4 հեկտար հող է հատկացրել հիմնադրամին։ Առանձնատներից յուրաքանչյուրը 1000 քմ հողատարածք է զբաղեցնում, տները կառուցում են կոնստրուկցիաներով՝ բետոնի հետ համակցված, ջերմամեկուսացնելով։ Առաջին 10 տունը պատրաստ կլինի սեպտեմբեր ամսին։

Հիմնադրամը թաղամասը կառուցում է 2004թ.-ին Քաշաթաղում իր հիմնադրած Առաջամուղ գյուղի օրինակով՝ 3-4 սենյականոց առանձնատներ՝ կից հողամասով: Տները կունենան երեք (70 քմ) և չորս (94 քմ) ննջասենյակ, հյուրասենյակ, երկու սանհանգույց, նախասրահ, արևային ջրատաքացուցիչ և 24 քմ գոմ։ Հիմնադրամն ընտանիքներին գումար կտրամադրի՝ իրենց նախընտրությամբ կով, հավ, խոզ և այլ ընտանի կենդանիներ գնելու համար։ Ստանձնել են նաև տների կահավորումը, որի համար գումար կտրվի ընտանիքներին, նաև՝ նրանց տեղափոխումը նոր տուն։

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրիգոր Պետեանը Սյունիքն արցախցիներին վերաբնակեցնելու ամենահարմար վայրն է համարում։ Մարզի աշխարհագրական դիրքը, կլիման նման է Արցախին, բացի այդ, սյունեցիներն ու արցախցիները շատ մոտ են իրենց կենցաղով ու մշակույթով, այդ պատճառով ավելի լավ են ընկալում միմյանց, քան մյուս մարզերում։

Հիմնադրամի աշխատակիցները, 2023թ․ նոյեմբերից Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև և մյուս համայնքների գյուղերով անցնելով, արցախցիներին վերաբնակեցնելու իրենց ծրագրին հարմար բնակավայր են փնտրել։ «Փնտրում էինք գյուղ, որը դպրոց, խանութ, բուժկետ, եկեղեցի ունենա, ապահովված լինի ջրով, գազով և այլն»,– ասում է Գրիգոր Պետեանը։

Հիմնադրամի տնօրենը նկատել է, որ Մեղրիի գյուղերը շատ նման են Արցախի Մարտունու շրջանի գյուղերին, բայց ջուր չունեն։ Սյունիքի գյուղերի մեծ մասը նաև գազիֆիկացված չէ, փայտով են տաքացնում։ Ընտրություն կատարելիս արցախցիների նախապատվությունները նույնպես պետք է հաշվի առնեին՝ նրանք հիմա խուսափում են վերաբնակվել սահմանամերձ գյուղերում։

Տաթև համայնքի Սվարանց գյուղն են ընտրել, որը սահմանամերձ չէ և բավարար ենթակառուցվածքներ ունի՝ դպրոց, բուժկետ, գյուղը Տաթևի վանական համալիրի կողքին է։ Ունի 800 հեկտար արոտավայր, 130 հեկտար՝ վարելահող, ապահովված է ջրով։

«Մտածեցինք, որ զբոսաշրջության մեջ բնակչությանը ներգրավելու և դրա միջոցով  նրանց տնտեսական վիճակը բարելավելու հնարավորություն կա այստեղ։ Հավանաբար, կցանկանան իրենց ապրանքը վաճառել զբոսաշրջիկներին և եկամուտ ստանալ»,–  հայտնեց Գ․ Պետեանը։

Սվարանցի բնակիչների մեծ մասը Հայաստանի անկախանալուց հետո լքել է գյուղը, որի հետևանքով գյուղում բնակվող փոքրաթիվ բնակչության համար նոր դժվարություններ են ստեղծվել։ Ենթակառուցվածքներ ստեղծելու և ներդրումներ կատարելու համար Սվարանցն արդեն մրցակցային չէ․ գյուղը չի ընդգրկվում սուբվենցիայի ծրագրերում։ Խորհրդային տարիներին 400 աշակերտի համար կառուցված դպրոցում հիմա 23 աշակերտ է սովորում։ Ուսուցիչները Գորիս քաղաքից են գալիս, եղանակային անբարենպաստ օրերին, երբ անհնար է դառնում նրանց գյուղ հասնելը, դասերն ընդհատվում են դպրոցում։   

Պրն Պետեանի փոխանցմամբ՝ սվարանցիները շատ են ուրախացել, որ ուզում են արցախցիներով վերաբնակեցնել գյուղը։ Ասում է՝ սա աղետ էր արցախցիների համար, բայց բարեբախտություն է Հայաստանի գյուղերի համար, բնակչության բացը կարող է լրացվել նրանց վերաբնակեցնելով։

Թուֆենկյան հիմնադրամն էլ վերաբնակներին ընտրելու իր չափորոշիչներն ունի։ Քաղաքաբնակներին գյուղ չեն տանելու, իսկ այն գյուղացիները, որոնք ողջ կյանքն անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ են զբաղվել՝ պետք է գյուղում բնակվեն։ Ծրագրի առաջնահերթությունները հետևյալն են՝ վերաբնակվողները երիտասարդ և բազմազավակ ընտանիքներ լինեն, պահանջված մասնագիտություններ ունենան՝ բուժքույր, ուսուցիչ, զոդող, սանտեխնիկ և այլն, որպեսզի իրենց կարիքներն ինքնուրույն կարողանան հոգալ»,– հայտնեց Գ․ Պետեանը։

Սվարանցում վերաբնակվելու համար դիմած արցախցի առաջին ընտանիքները Մարտակերտի շրջանից են ու նույն ընտանիքից։ Նախընտրում են, որ մյուս ընտանիքներն էլ նույն կամ  հարևան գյուղերից լինեն։ «Ուզում ենք այստեղ հավաքել նույն գյուղի կամ հարևան գյուղերի բնակիչներին, որպեսզի իրենց հավաքականությունն ու միջավայրը պահպանեն։ Սակայն այդ մարդկանց հավաքելու դժվարություն ունենք, տեղահանվելուց հետո Հայաստանի տարբեր վայրերում են բնակություն հաստատել, դժվար է գտնելը»,– ասաց հիմնադրամի տնօրենը։

Հիմնադրամը բռնի տեղահանված և Սյունիքում վարձով բնակվող ընտանիքներին աջակցություն է ցուցաբերում անցած տարվանից։ Ընտանի կենդանիներ են նվիրել, կապը պահպանում են նրանց հետ, և Սվարանցում բնակվողների մեջ առաջինն այդ ընտանիքներին են ցանկանում տեսնել։

Սվարանցում բնակվելու իրավունք ստանալու համար Կառավարությունն էլ իր պահանջներն ունի, որն ավելի է դժվարացնում ընտրությունը։ Ընտանիքը պետք է դիմի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ Այնուհետև Կառավարությունը նրան պետք է ընդգրկի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում ու հավաստագիր (սերտիֆիկատ) տրամադրի։ Տան արժեքի և հավաստագրի գումարի տարբերությունը փոխհատուցելու է Թուֆենկյան հիմնադրամը։

Միաժամանակ, հիմնադրամում հետևություններ են արել, որ ծրագրի հաջողության համար ամենակարևոր պայմանը մարդկանց համար հարմարավետություն ստեղծելն է, որ գյուղը չլքեն։ Հետևաբար, վերաբնակեցման իրենց ծրագիրը սկսել են Սվարանցում ենթակառուցվածքներ ստեղծելով։ Գյուղում խմելու ջրի համար նոր ջրագիծ են կառուցել, գյուղացիներն արդեն ներտնային ցանցը միացրել են մայր խողովակին։ Գյուղատնտեսական տեխնիկա են նվիրել՝ խոտհունձ կատարելու, ցանքատարածքները վարելու ու բերքը հավաքելու համար և այլն։

 

 

«Մեր նպատակը գյուղը զարգացնելն է և փորձում ենք հավասար հնարավորություններ ստեղծել ողջ գյուղի համար, տեղացիներին նույնպես ընդգրկում ենք ծրագրերում»,– հայտնեց Գ․ Պետեանը։

Հիմնադրամը համագործակցում է ՄԱԿ–ի՝ «Պարենի համաշխարհային ծրագրի» հետ, սվարանցեցի 23 ընտանիքի ընդգրկել են կազմակերպության ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրում։ Նրանց համար դասընթացներ են իրականացնելու, մասնակիցներին պտղատու ծառերի, հատապտուղների տնկիներ և կաթիլային սնուցման համակարգեր են տալու։ Շինանյութ են տվել՝ իրենց գոմերի վիճակը բարելավելու կամ նորը կառուցելու համար։ Հավաբներ պետք է պատրաստեն, որպեսզի ինկուբատոր եղանակով միշտ թարմ ձու ունենան։

Գյուղում նաև 40 կվ հզորությամբ արևային կայան պետք է կառուցեն։

«Եթե կարողանանք 20 երիտասարդ ընտանիք վերաբնակեցնել Սվարանցում, դպրոցի աշակերտների քանակը կավելանա։ Սյունիքի մարզպետարանի հետ քննարկում ենք նոր աշակերտների համար դպրոցի շենքը բարեկարգելու հնարավորությունները։ Գյուղը մանկապարտեզ չունի, բայց արցախցիներին վերաբնակեցնելուց հետո մանկապարտեզային տարիքի երեխաների որոշակի քանակ լինելու դեպքում, այդ հարցը նույնպես կլուծեն։

Վարչական շենքը պետք է նորոգեն, սանհանգույց կառուցեն, առաջին հարկում բուժկետի համար տարածք առանձնացնեն։ Նույն շենքում երիտասարդներին սենյակ հատկացնեն՝ հանդիպումներ և թրեյնինգներ կազմակերպելու համար։ Գյուղը բարեկարգելու ծրագրում ներառել են նաև խաղահրապարակի կառուցումը։

Սվարանցը Տաթևի զբոսաշրջության հանգույցին միացնելու հնարավորություններ են դիտարկում։ Կարծում են գյուղի պատմական գերեզմանոցում գտնվող տարբերվող գերեզմանաքարերը կհետաքրքրեն զբոսաշրջիկներին, եթե բարեկարգեն այդ հատվածը։

«Մեր նպատակն է՝ Սվարանցի վերաբնակեցման օրինակով ցույց տալ, որ Արցախից բռնի տեղահանվածներին շատ արագ կարող ենք բնակեցնել, միաժամանակ լուծել նրանց զբաղվածության հարցը։ Այս կերպ, նաև միջազգային կազմակերպությունների օգնությամբ լուծել Սյունիքի գյուղերի բնակեցման հարցը, որը նույնպես մեր առաջնահերթություններից է»,– հայտնեց Գ․ Պետեանը։

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Արցախի գյուղերում մարդկանց վերաբնակեցնելու 20 տարվա փորձ ունի։ Հիմնադրամը մասնակցում էր ազատագրված տարածքների վերաբնակեցման, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթամշակութային և այլ ծրագրերի: Գյուղեր էին կառուցել՝ Քաշաթաղի շրջանի հարավում և Հադրութի շրջանում։

2021թ․–ի մեր հրապարակումներից մեկում ներկայացրել ենք «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներդրումները Քաշաթաղի շրջանում։ Հիմնադրամն իր աշխատանքներն Արցախում  սկսել է 2003 թվականից: Ծրագրերը, հիմնականում, իրականացրել է Քաշաթաղի շրջանում, որտեղ վերաբնակեցրել էր Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցներին։ Հիմնադրամը ազատագրված տարածքները վերաբնակեցնելու ու տնտեսական զարգացման համար մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում էր կատարել:

 
 

Լուսանկարները տրամադրել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը

  • Կիսվել: