ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱԳՆ-ն ընդունել է, որ արցախցիներին վիզա չտալու խնդիրն առկա է, եւ իրենք ունեն պարտավորություն դրանով զբաղվելու. Բեգլարյան

ԱԳՆ-ն ընդունել է, որ արցախցիներին վիզա չտալու խնդիրն առկա է, եւ իրենք ունեն պարտավորություն դրանով զբաղվելու. Բեգլարյան

Այն պետությունները, որոնք ծագման հիմքով մերժում են արցախցիներին վիզա տրամադրել, ասում են՝ քանի որ քո ծագումը փախստականի ծագում է, մենք քեզ վիզա չենք տրամադրում: Այս մասին այսօր «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը:

«Սա անընդունելի է այն տեսանկյունից, որ խտրականությունը հիմնավորվում է ծագման հիմով: Իրենք ելնում են այն կանխավարկածից, որ եթե մարդը 070 կոդով անձնագիր ունի, հետեւաբար, գնալու է, ժողովրդի լեզվով ասած, հանձնվելու է, չի պահպանելու այն օրենսդրությունը, որի հիման վրա ստանում է վիզա: Սրանով միանգամից բոլորին մերժում են եւ բոլորի իրավունքները խախտում են:

Մյուս կողմից ոչ ոք իրավունք չունի դիմում չվերցնելու: Այստեղ խախտվում է վարչարարության իրավունքը, որը ունիվերսալ է: Բոլոր երկրներում պարտավոր են դիմումն ընդունել և ընթացքավորել: ԴԻմումը չվերցնելով, փակուղու մեջ են գցում մարդուն, որ նա չկարողանա փաստաթղթերով հիմնավորել, որ մերժել են իր դիմումը վերցնել եւ չկարողանա գնալ դատարան: Պետք է հասնենք նրան, որ դիմումն ընդունեն, մերժեն եւ պաշտոնապես հիմնավորեն, թե ինչու են մերժում»,-ասաց նա:

Բեգլարյանը նկատեց, որ Շենգենյան գոտու երկրների միջեւ այս հարցում միասնական մոտեցում չկա: Նա պատմեց, որ առաջին ահազանգն ինքը ստացել է Չեխիայի դեսպանատան մասով, երբ երիտասարդների խումբ է մեկնելիս եղել կրթական կարճաժմկետ ծրագրով: Երիտասարդների խմբին բոլորին տրամադրել են վիզա, բացառությամբ մեկի, որն ունեցել է 070 կոդով անձնագիր. Հիմնավորել են, որ պատճառը 070 կոդով անձնագիրն է:

Արտակ Բեգլարյանի խոսքով, խնդիրը երկար ժամանակ չի լուծվում, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակային դիրքորոշում չի հայտնել. «Բավարար չէ իրենց կատարած աշխատանքը: Բայց նաեւ այն, որ պաշտոնապես  լրատվամիջոցին ԱԳՆ-ից ասել են՝ քննարկման ընթացքում է, մենք զբաղվում ենք, դրանով իրենք ընդունում են, որ խնդիրն առկա է, եւ իրենք ունեն պարտավորություն այդ խնդրով զբաղվելու: Քանի դեռ այդ խնդրի լուծումը չի տրվել, ԱԳՆ ջանքերը բավարար եւ արդյունավետ չեն»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, Բեգլարյանը նման պնդումը հակասահմանադրական որակեց. «Մենք Արցախում ստացել են տասնյակ հազարավոր ՀՀ նույնականացման քարտեր, իսկ օրենքը ասում է, որ դրանք տրվում են բացառապես ՀՀ քաղաքացիներին: ԴԵթե քաղաքացի չենք, ինչպե՞ս է դա տրվել: Արցախի Հանրապետության գրանցում ունեցող անձինք Հայաստանում ունեցել են եւ առայսօր ունեն մի քանի հազար գյուղատնտեսական նշնակության հող: Ըստ ՀՀ օրենսդրության, բացառապես ՀՀ քաղաքացիները կարող են գյուղատնտեսական նշանակության հող սեփականաշնորհել»,- ընդգծեց Արցախի նախկին պետնախարարը:

  • Կիսվել: