ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին․ Ջոն վան’տ Սխիպ

Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին․ Ջոն վան’տ Սխիպ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Կոսովոյի դեմ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է armsport.am-ը:

«Հավաքականի հայտացուցակում տեղ չի գտել Կարեն Նալբանդյանը, քանի որ նա խաղում է հարձակողական դիրքում, որը չի համապատասխանում մեր այս երկու հանդիպումների համար նախատեսված մարտավարությանը։ Այս խաղերում ցանկանում ենք փորձարկել այն դիրքերը, որոնք ես եմ նշել։ Կարեն Նալբանդյանը երիտասարդ ֆուտբոլիստ է, նրան պահում ենք ուշադրության կենտրոնում, և վստահ եմ՝ դեռ իր շանսը կստանա։ Եթե բոլոր դուրս մնացած ֆուտբոլիստները համապատասխանեին այս երկու ընկերական հանդիպումների պահանջներին, կհրավիրեինք հավաքին։

Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին։ Հավաքի ընթացքում դիտել և վերլուծել ենք այդ հանդիպումը։ Մասնավորապես ուսումնասիրել ենք այն դրվագները, որոնցում մեր կարծիքով կարող էինք ավելի լավ խաղ ցուցադրել։

Հավաքի ընթացքում թիմից լավ էներգիա եմ ստացել, իսկ ընդհանուր առմամբ՝ լավ հավաք ենք անցկացրել։ Ուրախ եմ, որ կան ֆուտբոլիստներ, որոնք թակում են ազգային հավաքականի դռները»։

Նշենք, որ Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 6-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։

Ամբողջական ասուլիսը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

  • Կիսվել: