ՊՍԺ-ն կվաճառի հարձակվողին. նա այլևս չի մտնում Էնրիկեի ծրագրերի մեջ
Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին, որն անգլիական ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, շուտով կփոխի ակումբային գրանցումը, գրում է armsport.am-ը:
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 27-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո հաստատ չի շարունակի ելույթները «խթանների» կազմում, իսկ ՊՍԺ-ն, որին պատկանում են խաղացողի տրանսֆերային իրավունքները, նույնպես հույսեր չի կապում ֆրանսիացու հետ։ Ֆուտբոլիստը չի մտնում փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ և կհանվի վաճառքի։
Նշվում է, որ հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կոլո-Մուանին «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը փարիզյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։


