Կարեն Ասլանյանի հաղթանակը շատ սպասված էր, Մալխաս Ամոյանի մոտ գերհոգնածություն էր․ Արմեն Բաբալարյան
Կարեն Ասլանյանի հաղթանակը շատ սպասված էր եւ շատ ուրախացրեց բոլորիս: Եթե չլինեին Մալխաս Ամոյանի, Սլավիկ Գալստյանի պարտությունները, արդյունքները կարելի էր համարել բավարար: Իմ կարծիքով՝ մեր պարտությունների պատճառը շատ մարզումներն էին: Կոնկրետ Մալխաս Ամոյանի դեպքում ես նկատեցի գերհոգնածություն: Սլավիկ Գալստյանը եւ Մալխաս Ամոյանը պետք է չեմպիոններ դառնային:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, որն ամփոփել է Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությունում նվաճել է երկու մեդալ՝ 1 ոսկի եւ 1 բրոնզ: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Կարեն Ասլանյանը (63 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել Գեւորգ Թադեւոյսանը (87կգ):
«Կարեն Ասլանյանի հաղթանակը շատ սպասված էր եւ շատ ուրախացրեց բոլորիս: Եթե չլինեին Մալխաս Ամոյանի, Սլավիկ Գալստյանի պարտությունները, արդյունքները կարելի էր համարել բավարար արդյունքները: Հնարավոր էր անել ավելին: Կարելի է հասկանալ, որ մարզիկը չի կարող ամբողջ տարին լավագույն մարզավիճակում լինել: Իմ կարծիքով՝ մեր պարտությունների պատճառը շատ մարզումներն էին: Կարծում եմ՝ տղաների մոտ գերհոգնածություն էր: Ամեն դեպքում տղաներն ամեն ինչ արեցին: Կոնկրետ Մալխաս Ամոյանի դեպքում ես նկատեցի գերհոգնածություն: Սլավիկ Գալստյանը եւ Մալխաս Ամոյանը պետք է չեմպիոններ դառնային: Բայց երեւի գերհոգնած էին, ճիշտ չէին վերականգնվել:
Կարեն Ասլանյանից ես ավելի շուտ էի սպասում այսպիսի հաղթանակներ, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր: Քաշային կարգ փոխեց, նախկինում 67 կգ-ում էր հանդես գալիս: Այս մրցելույթով նա ապացուցեց, որ աշխարհում համար առաջին ըմբիշն է իր քաշային կարգում: Նա գործով ապացուցեց դա:
Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) թիմի երկարատեւ անդամներից մեկն է, մասնակցել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, Մ23 աշխարհի փոխչեմպիոնն է: Նրա մոտ էլ երկար ժամանակ չէր ստացվում: Այս մրցաշարում նա ապացուցեց, որ խոսք ունի ասելու այս քաշային կարգում:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) առաջին հաղթանակը տարավ ռուս Կուտուզովի նկատմամբ: Երկրորդ գոտեմարտում Ղազախստանի ներկայացուցիչի հետ էր գոտեմարտում, 1:0 հաղթում էր: Այնտեղ մի տարօրինակ բան կատարվեց աշխատանքային գոտու մոտ: Մալխասը փորձեց հնարք կատարել, ղազախ ըմբիշը ոտքը դուրս դրեց եւ հնարք կատարեց: Մենք բողոքարկեցինք: Իմ կարծիքով՝ երկուսի հնարքներում էլ միավոր չկար, բայց գնահատեցին երկու, երկու միավոր էլ ոտքերի համար, ու հաշիվը դարձավ 4:1 մրցակցի օգտին: Մալխասն ամեն ինչ արեց, որ գոտեմարտը հետ բերի, բայց չստացվեց:
Կոնկրետ Ամոյան Մալխխասի մոտ ես նկատեցի գերհոգնածություն: Բայց Հայաստանում չունենք այնքան բժշկական ռեսուրս: Միայն պետք է տսնել, թե Իրանի Ռուսաստանի թիմը ինչ բժշկական անձնակազմով եւ լաբորատորիայով են գալիս մրցաշարերի: Պետք է բարձրացնեմ այդ հարցը: Տեսանելի է հոգնածությունը, բայց ես չգիտեմ՝ ինչպես մարզիկին հանել այդ վիճակից, ինչ դեղորայքներով եւ բժշկական լուծումներով օգնել մարզիկին: Այս առումով Հայաստանում սպորտային բժշկությունը դեռ մի քիչ կաղում է:
67 կգ քաշային կարգում մեր ֆավորիտներից Սլավիկ Գալստյանն էր մասնակցում: Այստեղ ունենք խնդիր: Երկու հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում հանդիպեց Ուզբեկստանի ներկայացուցիչին: Երկու ամիս առաջ միջազգային մրցաշարում Գալստյանը հաղթել էր ուզբեկ ըմբիշին մաքուր հաղթանակով: Այստեղ 1:4 հաշվով պարտվեց: Կարծում եմ՝ այն տակտիկան, որը մենք առաջարկեցինք եւ նա չկարողացավ կատարել մարզչական առաջադրանքները: Բրոնզե մեդալի համար պայքարի ժամանակ Գալստյանն ունեցավ երկու հնարավորություն գոտեմարտը փոխել դեպի մեր կողմը, ցավոք, չստացվեց: Սլավիկը շատ հզոր է, բոլորը գիտեն: Մրցեց աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր կուբացի ըմբիշին, ում պարտվել էր նաեւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար գոտեմարտում: Այստեղ ավելի շատ էին հաղթելու շասները: Սլավիկն ուներ բավականին փորձ, հզոր զենք պարտերում: Երկու կարեւոր պահ կորցրին: Սխալ թույլ տվեց եւ պարտվեց: Այն առաջադրանքը, ինչ-որ տվել էինք իրեն, ոչ լիարժեք կատարեց, այդ պատճառով զրկվեց մեդալից:
Մյուս քաշային կարգերում Նորայր Հախոյանը (55 կգ) մեկնարկում հավասար պայքարում պարտվեց: Մ23 Եվրոպայի չեմպիոն Սուրեն Աղաջանյանը (60կգ) երկու հաղթանակ տանելուց հետո, երրորդ գոտեմարտում պարտվեց օլիմպիական մեդալակրին: Սուրենը երիտասարդ է, բայց արդեն ցույց է տալիս շատ լավ որակներ մեծահասակների պայքարում: Ինձ համար ցավալի էր Սուրենի պարտությունը: Սուրեն Աղաջանյանն արժանի էր ոչ միային մեդալի, նաեւ չեմպիոնության: Հոգեբանական առումով մինչեւ վերջ պայքարելու կամք չդրսեւորեց:
Աշոտ Խաչատրյանը (72 կգ) մեծահասակների մեջ դեռ փորձի պակաս ունի: Սամվել Գրիգորյանը (82 կգ) պայքարեց, բայց չօգտագործեց իր հիմնական զինանոցի հնարքը:
97 կգ քաշային կարգում բոլորը գիտեն, որ Արթուր Ալեքսանյանը հետվիրահատական շրջան է անցնում: Նրան փոխարինեց Մ23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը: Օլիմպիական չեմպիոն Սարավիի հետ գոտեմարտեց: Հավատում էի, որ կպայքարի, հաղթանակ կտոնենք, բայց նորից մեր մարզիչների մշակած գոտեմարտը, առաջադրանքը Հայկը չկատարեց եւ պարտվեց:
Արթուր Ալեքսանյանը երբ վերականգնվի, հաջորդ օրը սկսելու է մարզվել: Արթուրին բոլորս գիտենք, իրեն չխնայելով, իր կյանքը դնելով մարզվում է, աշխատում եւ շարունակում իր պայքարը»,- ասաց Արմեն Բալարյանը:


