ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
ԱԺ-ում քննարկվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

ԱԺ-ում քննարկվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։ Խորհրդարանը սկսել է քննարկել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը։ Բաբկեն Թունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։ Նշվել է, որ Շուշան Սարգսյանը 2021-2026 թվականներին աշխատել է վերոնշյալ հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի անդամ։

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար։ Նա անդրադարձել է իր աշխատանքային գործունեությանը՝ որպես հանձնաժողովի անդամ, ներկայացրել հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, խոսել ձեռքբերումներից, մեթոդաբանությունից, իրականացված վարչարարությունից, անդրադարձել ոլորտային օրենսդրական բարեփոխումներին, վիճակագրությանը, վերահսկողական միջոցառումներին և հարուցված վարույթներին, ապա ներկայացրել հանձնաժողովում հետագա աշխատանքի վերաբերյալ իր պատկերացումները՝ ընտրվելու դեպքում։

Շուշան Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։ Այժմ տեղի է ունենում մտքերի փոխանակություն։

  • Կիսվել: