չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները

Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է երկրի Գավաթի խաղարկության՝ այսօր նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգելու մասին։ Պատճառը Տոլեդո նահանգում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարն է։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Լոս Եբենես և Ուրդա համայնքների միջև ընկած երկաթուղային հատվածում բախվել են երկու արագընթաց գնացքներ, ինչի հետևանքով դրանցից մեկի երկու վագոնները դուրս են եկել ռելսերից։ Վերջին տվյալներով՝ ողբերգության զոհ է դարձել 50 մարդ, ևս առնվազն 179-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ընդհանուր առմամբ, վթարի ենթարկված գնացքներում եղել է 544 ուղևոր։

Սարսափելի դեպքի առնչությամբ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Ի նշան չորեքշաբթի վաղ առավոտյան Տոլեդո նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի հիշատակի հանդեպ հարգանքի և համերաշխության՝ RFEF-ը հետաձգել է Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի բոլոր 24 հանդիպումները, որոնք պետք է կայանային այսօր ցերեկը և երեկոյան։ Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրապարակի մրցաշարի վերանայված ժամանակացույցը և հետաձգված խաղերի անցկացման նոր ժամկետները։

Իսպանական ֆուտբոլային ընտանիքը միասնական է իր վշտի մեջ և պատրաստակամություն է հայտնում աջակցել իշխանություններին՝ այս սարսափելի վթարի տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցում»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: