չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և նոր շուկաների բացահայտմանը. Գևորգ Պապոյան

Համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և նոր շուկաների բացահայտմանը. Գևորգ Պապոյան

«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում։ Այն երկկողմ միջազգային համաձայնագիր է և նախատեսում է փոխադարձաբար վերացնել առկա խոչընդոտները, բարձրացնել տնտեսական արդյունավետությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ։

Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման ներկայացնելով վերոնշյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ հիմնական զեկուցողի՝ այն կնպաստի տնտեսական համագործակցության խորացմանը, փոխշահավետ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանը։ Նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրակնացման գործընթացի ազատականացումը։

Գևորգ Պապոյանը հանգամանորեն ներկայացրել է համաձայնագրով սահմանվող կարգավորումները՝ ընդգծելով նախագծի կարևորությունը տնտեսական զարգացման, ներդրումների խրախուսման, ինչպես նաև Հայաստան-ԱՄԷ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացման գործում։

Էկոնոմիկայի նախարարը պարզաբանումներ է ներկայացրել համաձայնագրով նախատեսվող կարգավորումների վերաբերյալ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Վոլոդյա Հակոբյանը։

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև կնքված համաձայնագիրը, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներն ընդունելի են և դրական: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ այս տարի արձանագրվել է պատմության մեջ ամենամեծ դեֆիցիտը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն ընդգծել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացման կարևորությունը։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձել է արտահանմանն ու ներմուծումանը վերաբերող վիճակագրությանն ու վերլուծություններին, արտահանման դեֆիցիտին։

Եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին, ներկայացրել հայկական ծագման ապրանքների արտահանման աճի ցուցանիշները։

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը։

  • Կիսվել: