չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
ՀՖՖ-ն մեծարեց ազգային հավաքականի՝ ակումբներում չեմպիոն և գավաթակիր դարձած խաղացողներին

ՀՖՖ-ն մեծարեց ազգային հավաքականի՝ ակումբներում չեմպիոն և գավաթակիր դարձած խաղացողներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր խրախուսական նվերներ է հանձնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք իրենց ակումբներում տիտղոսներ են նվաճել ավարտված մրցաշրջանի արդյունքներով և այժմ Ազգային թիմի կազմում մասնակցում են ուսումնամարզական հավաքի:

Մասնավորապես՝ պարգևատրվել են «Նոայի» կազմում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր դարձած Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը, Գոռ Մանվելյանը, Սերգեյ Մուրադյանը, «Շերիֆի» կազմում Մոլդովայի գավաթակիր դարձած Արթուր Սերոբյանը, «Կրասնոդարի» կազմում առաջին անգամ Ռուսաստանի չեմպիոն հռչակված Էդուարդ Սպերցյանը, «Լեգիայի» կազմում Լեհաստանի գավաթը նվաճած Վահան Բիչախչյանը: Վերջինս վնասվածքի պատճառով չի միացել հավաքականի այս հավաքին և գտնվում է վերականգնման փուլում:
 

Շնորհավորելով ֆուտբոլիստներին ավարտված մրցաշրջանում գրանցած հաջողությունների առթիվ՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի իրենք ավելի մեծ թվով խաղացողների շնորհավորելու առիթ կունենան:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ Ջոն վան ’տ Սխիպի գլխավորությամբ, ինչպես նաև ֆուտբոլիստների հարազատներն ու ընտանիքների անդամները:

  • Կիսվել: