ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ ակումբները ձայների մեծամասնությամբ հաստատեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության փոփոխությունների փաթեթը։
Այսպիսով՝ ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար այլևս պարտադիր չի լինի հայերենի իմացությունը և վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բնակված լինելը։
Հաստատվել է նաև առաջարկվող մյուս փոփոխությունը, որով սահմանվել է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։ Նախորդ կարգավորումը պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ էր համարում ցանկացած ժամանակահատված, նույնիսկ եթե անձը պաշտոնավարել էր քառամյա ժամկետի աննշան մասը։
Առաջարկվող փոփոխությունները հաստատվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում։
Քվեարկության մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասաց, որ ՀՖՖ 34 անդամներից արտահերթ ժողովին մասնակցում է 31-ը, իսկ առաջարկվող փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 24 ձայն։
Առաջարկվող փոփոխությունները ստացան 29 կողմ և 2 դեմ ձայն։ ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ առաջարկվող փոփոխություններն ընդունված են և կանոնադրական փոփոխությունները 29 կողմ ձայնով ուժի մեջ են մտնում։
Արմեն Մելիքբեկյանը նաև հայտարարեց, որ այս տարվա դեկտեմբերի երկրորդ կեսին տեղի կունենան նաև ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները։
«Ընտրությունների օրը, տեղը և ժամը կսահմանի գործադիր կոմիտեն, ուղղակի այսօր կարող ենք ասել, որ դրանք կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին»,- նշեց Մելիքբեկյանը՝ ՀՖՖ արտահերթ ժողովը հայտարարելով փակված։



