ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Սոմալիի ռազմաբազայից
ԱՄՆ զինված ուժերը դուրս են բերել իրենց բոլոր ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Սոմալիի հարավում գտնվող Բալեդոգլե ավիաբազայում։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Stars and Stripes պարբերականը։
Երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից մոտավորապես 96 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող այս ավիաբազան երկար ժամանակ կարևոր հենակետ է եղել Սոմալիում ԱՄՆ ուժերի համար։
Այն օգտագործվել է հետախուզական տեղեկատվության հավաքագրման, ինչպես նաև երկրի կառավարությանը տապալել ձգտող «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման զինյալների դեմ շարունակվող պայքարի շրջանակներում Սոմալիի ստորաբաժանումների պատրաստման համար։
ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) հրատարակությանը չի մեկնաբանել ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը։
«Օպերատիվ անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ մենք չենք քննարկում ընթացիկ գործողությունների մանրամասները», - հայտարարել է AFRICOM-ի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ հրամանատարությունն «իր ուժերը տեղափոխում է անցկացվող հակաահաբեկչական գործողությունների օպտիմալացման համար»։



