հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Հայ մարմնամարզիկները Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակչում են

Հայ մարմնամարզիկները Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակչում են

Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս եկավ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մայիսի 26-ից մեկնարկած Եվրոպայի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարը սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները:

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը Եվրոպայի առաջնությունում մասնակցեց թիմային պայքարի մրցաշարում: Առանձին գործիքներում որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:

Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.516 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ:

Երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում վաստակեց 14.566 միավոր եւ առաջին տեղով եզրափակիչում է: Երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանն այս վարժությունում որակավորման փուլում վաստակեց 14.400 միավոր:

Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը հավաքեց 14.300 միավոր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը՝ 13.866 միավոր:

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը 24-րդն է:

 
 

  • Կիսվել: