Զոլաքարում 65-ամյա վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զոլաքար բնակավայրի 5 փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սամվել Վ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 7-ամյա Ա․ Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյան գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Երեմ Ավետիսյանը և Կարո Խաչատրյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Հարոյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։