Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքին
Ժնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը:
Զեկույցում ամփոփված են վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումները, խնդիրներն ու հեռանկարները:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել զեկույցով` նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ:
Մասնավորապես, անդրադարձ է եղել նախածննդյան սեռի ընտրության և սեռով պայմանավորված ընդհատումների տարածվածության առնչվող մի շարք խնդիրների:
Լենա Նանուշյանը խոսել է նաև Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքից՝ ընդգծելով.
«Մշակվել և նախատեսվում է ընդունել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենք, որը դառնալու է առողջապահական համակարգի հիմնարար բարեփոխումների անկյունաքարը։ Առանցքում մարդն է` հիվանդությունների կանխարգելումն ու վաղ ախտորոշումը, ինչը կնպաստի բնակչության առողջության ու բարեկեցության ամրապնդմանը, նաև առողջապահական ծախսերն առավել կառավարելի կդառնան»:
Նախարարի առաջին տեղակալը հայտնել է, որ կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը՝ առաջնորդվելով թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության, ներառականության ապահովման սկզբունքներով: