Վրաստանի հայազգի պատգամավորները կողմ են քվեարկել «ռուսական օրենքի» վետոյի հաղթահարմանը
Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն, որը հայտնի է որպես «ռուսական օրենք» և «գործակալների օրենք», գրում է aliq.ge-ն:
Վետոյի հաղթահարմանը կողմ էր 84 պատգամավոր, դեմ՝ 4-ը։ «Ռուսական օրենքի» վրա դրած վետոյի հաղթահարմանը կողմ քվեարկող 84 պատգամավորների շարքում են նաև Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Նրանք կողմ էին քվեարկել նաև օրենքի ընդունման երեք լսումների ժամանակ: Վետոյի հաղթահարմանը կողմ քվեարկած մյուս պատգամավորների ցանկը հասանելի է այստեղ:
Օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ 5-օրյա ժամկետում ստորագրի Զուրաբիշվիլին։ Հակառակ դեպքում օրինագիծը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի նախագահը։
«Գործակալների մասին օրենքը» օտարերկրյա տերության շահերը կրող կազմակերպություններ է հռչակում հասարակական և լրատվական կազմակերպություններին, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտերկրից է։ Նրանք պետք է գրանցվեն հատուկ ռեեստրում և ամեն տարի լրացնեն ֆինանսական հայտարարագիր։ Հակառակ դեպքում առաջին անգամ կտուգանվեն 25 հազար լարի։
Օրենքի հրապարակումից հետո Արդարադատության նախարարությունը և Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 60 օր կունենան «օտար տերության շահերը կրող կազմակերպությունների» ռեեստր ստեղծելու համար։ Երբ այս փուլն ավարտվի, «օտարերկրյա գործակալների» ռեեստրում գրանցումը կդառնա պարտադիր։