ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Վրաերթ Երևանում․ Նալբանդյան փողոցում 31-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ Երևանում․ Նալբանդյան փողոցում 31-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Նալբանդյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Դ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 55-ամյա Սամվել Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանը և պարեկ Արսեն Մովսիսյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: