Վրաերթ՝ Երևանում. մայրն ու նոր զորացրված որդին տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոց։
Վրաերթից հետո «Range Rover»-ը բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ցուցանակը ու երկաթե ինչ-որ տաղավար, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Հարությունյանն ու Արթուր Շահնազարյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Հովհաննիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, տղան էլ նոր է զորացրվել։