Վրացական գինու և մշակույթի օրը Երևանում
Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում այսօր Մաշտոցի պողոտայում՝ Դիանա Աբգարի անվան պուրակում, մեկնարկել է տոնական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են վրացական գինին և ազգային խոհանոցը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Գեորգի Միրցխուլավան, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:
Նրանք շրջել են պուրակում տեղադրված թեմատիկ տաղավարներով՝ ծանոթանալով վրացական մշակույթին բնորոշ առանձնահատկություններին։ Տեղի է ունեցել վրացական գինու համտես, ինչպես նաև ներկայացվել է վրացական ավանդական խոհանոցը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Վրաստանի մշակույթի փոխնախարարը միջոցառումը կարևոր հարթակ են համարել երկու երկրների մշակութային համագործակցության ամրապնդման և փոխճանաչողության խորացման առումով։
Օրվա ավարտին՝ ժամը 20։00-ից, նախատեսված է բացօթյա համերգ, որի շրջանակում երաժշտական կատարումներով հանդես կգան «Ռանինա» քառյակը և «Գուֆի լենդ» երաժշտական խումբը։ Մուտքն ազատ է։