կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2026
Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է

Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է

Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է։

Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը նշում է՝ Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն` Ս․ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Ս. Կույսերից Հռիփսիմեն իր պարանոցին միշտ կրում էր Քրիստոսի խաչափայտից մի մասունք, որն ապահովության համար հանձնում է Վարագա լեռան վրա աղոթող ճգնավորներին:

«653 թ․, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Ս. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ հայոց աշխարհ էին բերել կույսերը: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:

Ժամանակի Ներսես Գ Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետը, լսելով մասունքի հայտնաբերման մասին, հոգևորականների և աշխարհականների մեծ թափորով գնում են Վարագա լեռը` տեսնելու կատարված հրաշքը: Հաստատելով հայտնաբերված մասունքի ստուգությունը` երանելի Հայրապետը տնօրինում է, որ այսուհետ Խաչվերացից երկու շաբաթ հետո կատարվի Վարագա Ս․ Խաչի տոնը:

Ս. Խաչի մասունքը երկար ժամանակ պահվում է Վարագավանքում, որի շնորհիվ վանքը դառնում է սրբազան ուխտատեղի ամեն մի հայ քրիստոնյայի համար: 1021 թ., երբ Վասպուրականը բռնի կերպով կցվում է Բյուզանդիային, Սենեքերիմ-Հովհաննես թագավորը Վարագա Ս. Խաչն իր հետ տանում է Սեբաստիա: Այստեղ նրա որդի Ատոմը 1022 թ. հիմնում է Սեբաստիայի Ս. Նշան վանքը: Սենեքերիմ-Հովհաննեսի վախճանվելուց հետո, նրա որդիներն իրենց հոր աճյունը վերաթաղում են Վարագավանքում` միաժամանակ վանքին վերադարձնելով Ս. Նշանի մասունքը:

1273 թ. Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի ասպատակություններից խույս տալով, Վարագա Ս. Խաչը տանում է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության Անապատ վանքը, որն էլ վերանվանում է Նոր Վարագավանք:

1651 թ. Ս. Խաչը գերի է տարվում Խոշաբ, իսկ 1655 թ. զետեղվում է Վանի Ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Ս. Նշան, ուր և պահվում էր մասունքը մինչև 1915թ.:

Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս․ ամեն»,- նշել է Սրբազան Հայրը։

  • Կիսվել: