երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
ՏԿԵՆ տեղակալը կարևորել է ՎԶԵԲ-ի զգալի աջակցությունը հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ

ՏԿԵՆ տեղակալը կարևորել է ՎԶԵԲ-ի զգալի աջակցությունը հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի ենթակառուցվածքների տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեին, հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիային, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովային և բանկի երևանյան գրասենյակի գլխավոր բանկիր, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ՎԶԵԲ-ի զգալի աջակցությունը հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Միաժամանակ, անդրադարձ կատարելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին, Առնակ Ավետիսյանը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից մեկն է, և ներկայացրել վերջերս մեկնարկած՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային կոշտ կենցաղային թափոնների ինտեգրված համակարգի ներդրման» ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները և նախարարության դիտարկումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ծրագրի շրջանակներում լրացուցիչ տեխնիկական աջակցության հնարավորությունները՝ ուղղված երկու մարզերում թափոնների կառավարման արդյունավետության բարձրացմանն ու կայունության ապահովմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները համագործակցության շարունակության ապահովման շուրջ։

  • Կիսվել: