Անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխակերպելն է. ՀՀ վարչապետ
Հայաստանը կարող է կորցնել արտոնյալ պայմաններով էներգակիրների մատակարարման հնարավորությունը։ Այդ նախազգուշացումներն ինչպե՞ս եք ընկալում, մեկնաբանում։ Այս հարցը «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում Euronews-ի հարցազրուցավարն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Գիտեք, մենք մի քանի տարի է՝ արդեն որդեգրել ենք արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում ենք հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն։ Մեր հիմնական նպատակն է դիվերսիֆիկացնել մեր հարաբերությունները՝ բոլոր տեսակի հարաբերությունները՝ տնտեսականը, քաղաքականը և այլն, որովհետև միշտ կա ռիսկ, և մեր արտաքին հարաբերությունների բալանսավորումն այդ ռիսկերը կառավարելու գործընթացն է։ Պատկերացնենք հետևյալը. մեր երկրում, երբ մենք քննարկում ենք «անկախություն» բառի իմաստը կամ բովանդակությունը, ես առաջարկեցի բանաձև՝ ասելով, որ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխակերպելն է։ Սա է մեր քաղաքականության հիմնական բանաձևը։ Անկախ ներկայիս իրավիճակից՝ դա ռազմավարական մոտեցում է, և մենք այդ ճանապարհով կընթանանք»:


