Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել․ Քաղաքաշինության կոմիտե
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կայացել է թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խմբի վկայականների շնորհման արարողությունը։ Վկայականները հանձնել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։ Նա շնորհավորել է մասնակիցներին և հույս հայտնել, որ վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքներն արդյունավետ կկիրառեն աշխատանքում։
«Բազմաբնակարան շենքերը, քաղաքաշինական բարդ օբյեկտներ լինելուց բացի, նաև սեփականության իրավունքի, վարչարարական և ֆինանսական մեխանիզմների տեսանկյունից բարդ կառուցվածք ունեն: Ուստի, շենքերի կառավարիչներն առնվազն բազային գիտելիքներ պետք է ունենան դաշտը կարգավորող օրենսդրության մասին։ Դասընթացը ինչպես մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ փորձի փոխանակման լավ հնարավորություն է»,- նշել է Արման Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ առաջին փուլի մասնակիցների օրինակին շատերը կհետևեն։
Բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման ծրագրին մասնակցել են ինչպես գործող կառավարիչներ, այնպես էլ այդ գործունեությամբ զբաղվել ցանկացողներ։ Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներ իրականացրել են երկու կազմակերպություններ: Թեստավորմանը մասնակցել են նաև կոմիտեի կայքի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» բաժնում տեղադրված հարցաշարերից օգտվելով ինքնուրույն պատրաստված անձինք։
Առաջիկա օրերին կհայտարարվի վերապատրաստման հերթական փուլի և դրա շրջանակում դիմումների հավաքագրման մասին, իսկ բուն դասընթացը կմեկնարկի սեպտեմբերից: Բացի այդ կկազմակերպվի ևս մեկ թեստավորում՝ առաջին թեստավորմանը չմասնակցած կամ այն չհաղթահարած անձանց համար։
Հիշեցնենք, որ գործող կառավարիչները, ինչպես նաև ոլորտ մուտք գործել ցանկացողները մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը ժամանակ ունեն վերապատրաստման և թեստավորման համար։



