Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման նոր փուլ
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման դասընթացների հերթական փուլը: Վերապատրաստմանը կարող են մասնակցել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել կառավարչի գործունեությամբ, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն:
Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 23-ը Քաղաքաշինության կոմիտեի [email protected] էլեկտրոնային հասցեի կամ e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Վերապատրաստման մեկնարկի մասին հայտարարությունը, դիմումի ձևը և դասընթացների ծրագրերը հրապարակված են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ծրագրեր» բաժնի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» ենթաբաժնում։
2026թ. հոկտեմբերի 5-ից մեկնարկող վերապատրաստման նոր փուլի շրջանակում դասընթացներ իրականացնելու են երկու կազմակերպություններ։
Դասընթացի մասնակիցները կստանան իրավական, վարչարարական, ֆինանսական, շենքերի վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ, կզարգացնեն բանակցային հմտություններն ու կսովորեն կազմել դրամաշնորհային հայտեր։ Դասընթացի ավարտին նրանց գիտելիքները կստուգվեն թեստավորման եղանակով։
Հիշեցնենք, որ գործող կառավարիչները, ինչպես նաև ոլորտ մուտք գործել ցանկացողները մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը ժամանակ ունեն վերապատրասման և թեստավորման համար։ Թեստավորմանը կարող են մասնակցել նաև կոմիտեի կայքում տեղադրված հարցաշարերից օգտվելով ինքնուրույն պատրաստված անձինք։


