Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և ներառական միջավայրի ձևավորմանն ուղղված մի շարք հարցեր: Այս համատեքստում կարևորվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված քաղաքաշինական նոր նորմերի ներդրումը, որը հնարավորություն է տալիս առկա շենքերն ու շինությունները, ինչպես նաև դրանց հարակից տարածքները համապատասխանեցնել մատչելիության պահանջներին՝ միաժամանակ ապահովելով նոր կառուցվող օբյեկտների նախագծման և կառուցման ընթացքում հասանելիության բարձր չափանիշների կիրառումը։
Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև իրավական և գործնական դաշտում առկա խնդիրներին, որոնք առնչվում են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժին, անկախ կյանքին և իրավունքների լիարժեք իրացմանը:
Քննարկման արդյունքներով փոխվարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ բարձրացված խնդիրներին համակարգային լուծումներ գտնելու, առկա մարտահրավերները հասցեագրելու և դրանց հաղթահարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու նպատակով։



