չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը

Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը

Ջրային կոմիտեի աշխատակիցները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նորակառույց խմելու ջրի մաքրման կայան (ՋՄԿ)՝ տեխնոլոգիական համակարգերի և սարքավորումների փորձարկման նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:
 
Աշխատանքային այցի շրջանակում կատարվել է նաև այցելություն Մեղրու խմելու ջրի հին մաքրման կայան, այն սնող Զվար գետ և գետային ջրընդունիչ տարածք, ինչպես նաև Ագարակ քաղաք՝ տեղում հետևելու նոր կառուցվող ՋՄԿ-ի շինարարական աշխատանքների ընթացքին։
 
Ջրային կոմիտեի պատվերով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՏԶՀ-ն, Համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի շրջանակում, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում իրականացնում է հրատապ լուծում պահանջող մի շարք աշխատանքներ։
 
Դրանց թվում են Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի գործող խմելու ջրի մաքրման կայանի ապամոնտաժումն ու նոր՝ 5000-6000 խմ/օր հզորությամբ կայանի կառուցումը, ինչպես նաև Ագարակ քաղաքի ՋՄԿ-ի հիմնանորոգումն ու լրացուցիչ՝ 3400 խմ/օր հզորությամբ նոր կայանի կառուցումը։

 

  • Կիսվել: