Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իր գործունեությունը շարունակում է ՇՏՀ Երևանյան ներկայացուցչությունում
Հոկտեմբերի 4-ից սկսած Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իր գործունեությունն իրականացնում է ՇՏՀ-ի Երևանյան ներկայացուցչությունում։ Այս մասին տեղեկացնում են ՇՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Դասապրոցեսը կազմակերպվում է առկա եղանակով՝ երկու հերթով (միջին մասնագիտական կրթություն, բակալավրիատ, մագիստրատուրա):
ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանն իր անունից շնորհակալություն է հայտնում ՇՏՀ Երևանյան ներկայացուցչությանը՝ հնարավորություն ընձեռնելու հաստատության գործունեությունը պատշաճ կերպով շարունակելու համար.
«Ստեղծված իրավիճակը մի նոր մարտահրավեր է՝ ծառացած Շուշիի տեխնոլոգիական համալսարանի առջև, որը պետք է բոլորս հաղթահարենք միասնական ու միահամուռ ուժերով։ Արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուսանողները շարունակեն ստանալ որակյալ կրթություն, դառնան իրենց գործին գիտակ մասնագետներ»,-նշել է Ն. Միքայելյանը։
Ռեկտորը հորդորել է ուսանողներին շարունակել կազմակերպված ձևով հաճախել դասապրոցեսին, որպեսզի այն ընթանա բնականոն հունով։
ՇՏՀ ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս օրերին ուսանողների 60 տոկոսը հաճախում է դասերին։
Այն ուսանողները, ովքեր բնակվում են Երևան քաղաքից հեռու, նրանք հնարավորություն կունենան հաստատվելու ՇՏՀ Երևանյան ներկայացուցչության հանրակացարանում», - ասված է հայտարարության մեջ։


