Շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ եւ սկզբունքային լրագրողներին․ Նազելի Բաղդասարյան
Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ եւ սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիա մասնագետներին եւ, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ֆեյսբուքում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում մեր երկիրը 9 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը։ Միեւնույն ժամանակ, անժխտելի է, որ մի շարք լրատվականների քաղաքական աֆիլացվածությունը, ապատեղեկատվության տարածման ռիսկերը, ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դրսեւորումները մնում են լրջագույն մարտահրավեր բոլորիս համար, եւ պետք է հետեւողական աշխատանք տանենք այս ուղղությամբ։
Աներկբա, մեդիան պետք է լինի անկախ, չեզոք, փաստահեն եւ հավասարակշռված՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի կամ գործչի սպասարկելու գայթակղությունից։ Մեր օրերում վստահաբար դրա պակասը կա։ Սակայն կարևոր եմ համարում ընդգծել, որ մամուլի դաշտում՝ բևեռացված կարծիքների եւ շահերի կողքին, մշտապես կան նաև սկզբունքային, օբյեկտիվ և պատասխանատու անհատներ, ովքեր մնում են հավատարիմ փաստերին եւ իրենց մասնագիտական պարտքին։ Նրանց աշխատանքն առանձնակի հարգանքի է արժանի, քանի որ հասարակությունը նրանց շնորհիվ հնարավորություն ունի ստանալու հավասարակշռված եւ ճշգրիտ տեղեկատվություն։
Եւ ուրեմն, հավատարիմ մնալով խոսքի ազատության պահպանման մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք անհրաժեշտ ջանքեր ներդնել՝ ապահովելու անկախ մամուլի կայուն գործունեությունը՝ ի նպաստ , թափանցիկության, հաշվետվողականության եւ ժողովրդավարության»։