Սարյան փողոցը կդառնա միակողմանի, Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Հունիս ամսվա ընթացքում պլանավորվում է իրականացնել ավտոբուսների գծերի ընդլայնման մեծ ծրագիր, որն անդրադառնալու է Մաշտոցի պողոտայի գծի շարունակությանը դեպի Իսակովի պողոտա: Հունիսին նախատեսվում են նաև երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ: Այդ մասին Երևանի ավագանու՝ մայիսի 20-ի նիստին ասաց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
Անդրադառնալով ավտոբուսների առանձնացված գծերին՝ տրանսպորտի վարչության պետը տեղեկացրեց, որ Մոսկովյան փողոցի մի հատված արդեն իսկ կահավորվել է, արդյունքում ավտոբուսը Խանջյանից դեպի Մոսկովյան ուղղությամբ կարող է Մոսկովյան փողոցը հատել և հասնել Աբովյան փողոց:
«Ինչ վերաբերում է կարմիր գծերին, տեղեկացնեմ, որ ծածկույթն ընդլայնվել է մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Հին Երևանցու փողոցում արդեն իսկ իրականացվում է հսկողություն»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ներկայումս լուսավորության ցանցի վերազինման հետ կապված աշխատանքներ են իրականացվում նաև Խորենացու փողոցում:
«Երթևեկության մասով փոփոխություններն ահռելի են և առնչվելու են գրեթե ամբողջ Փոքր Կենտրոնին»,- ասաց նա:
Վազգեն Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցը, այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փակվելու են, որպեսզի Մաշտոցում ուղիղ երթևեկությունը շարունակվի:
Նախատեսվում է նաև, որ ավտոբուսային գիծը Մաշտոցի փողոցից մուտք կգործի Խորենացու փողոց, որից հետո՝ Իտալիայի և Բեյրութի փողոցներով՝ Արգիշտիի փողոց, և կամրջով մուտք կգործի Իսակովի պողոտա:
«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է Փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ Փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասաց նա՝ հավելելով, որ Արաբկիր վարչական շրջանում ևս Կոմիտասի պողոտայում մեկ ուղղությամբ նախատեսվում է ավտոբուսային գիծ ներդնել: