երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Քննարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Քննարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Ազգային ժողովի՝ հունիսի 16-ին հրավիրված հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մկրտչյանը:

Փոխնախարարի խոսքով նախաձեռնությունը նպատակ ունի խթանել անտառտնկման աշխատանքները՝ ոչ անտառային հողերում նման ծրագրեր իրականացնող բնապահպանական կազմակերպություններին ազատելով 300.000 դրամ պետական տուրքի վճարումից, ինչը կթեթևացնի դոնորական միջոցներով կատարվող բնապահպանական ծրագրերի ֆինանսական բեռը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է պարզեցնել կրթական հաստատությունների շինարարության գործընթացը՝ բացառություն սահմանելով պետական կամ համայնքային դպրոցների ու մանկապարտեզների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման աշխատանքների համար, որոնց դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության դիրքորոշումը կտրամադրվի նախագծի համալիր փորձաքննության շրջանակում:

Զեկուցողն ընդգծել է, որ փաթեթում ներառված են նաև միջազգային՝ Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաներով ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարմանն ուղղված տեխնիկական և շարադասական բնույթի փոփոխություններ:

Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

  • Կիսվել: